Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 4

4
Աստծուն հաճելի կյանք
1Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։ 2Եվ գիտեք, թե ի՛նչ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով, 3որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը. որ դուք հեռու մնաք պոռնկությունից, 4որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով, 5ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն, 6որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։ 7Արդարև, Աստված մեզ չհրավիրեց պղծության, այլ սրբության։ 8Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։
9Ինչ վերաբերում է եղբայրասիրությանը, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել, 10և արդեն իսկ այդ եք անում Մակեդոնիայի կողմերում ապրող բոլոր եղբայրների հանդեպ։ Բայց հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելի առաջանաք, 11և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ, 12որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։
Ննջեցյալների հարությունը և Տիրոջ գալուստը
13Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։ 14Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին։ 15Բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա. մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից, 16որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն, 17և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։ 18Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录