Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 2

2
Պողոսի գործունեությունը Թեսաղոնիկեում
1Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։ 2Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։ 3Արդարև, մեր հորդորը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգամտությամբ է։ 4Այլ, ինչպես որ Աստված մեզ ընտրեց՝ վստահելու Ավետարանը, այնպես էլ քարոզում ենք՝ հաճելի լինելու ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը։ 5Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա, 6ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։
7Որպես Քրիստոսի առաքյալներ՝ կարող էինք ծանրություն դառնալ ձեզ վրա, բայց ձեր մեջ համեստ եղանք։ Ճիշտ ինչպես ստնտուն, որ մանուկների է կերակրում, 8այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։
9Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։ 10Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։ 11Ինչպես լավ գիտեք, ձեզնից յուրաքանչյուրին, ինչպես հայրն իր որդիներին, 12հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
Թեսաղոնիկեցիների հավատի վկայությունը
13Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։ 14Եղբայրնե՛ր, դուք, արդարև, նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք ևս չարչարանքների ենթարկվեցիք ձեր հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք՝ հրեաների կողմից, 15որոնք սպանեցին Տեր Հիսուսին ու մարգարեներին, հալածեցին նաև մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց թշնամի դարձան։ 16Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։
Պողոսի փափագը՝ վերադառնալու Թեսաղոնիկե
17Ինչ վերաբերում է մեզ, եղբայրնե՛ր, թեպետ միառժամանակ որբ մնացինք ձեզնից, այսինքն՝ հեռու մարմնով, բայց ո՛չ սրտով, մեծ ցանկությամբ առավել ջանք գործադրեցինք ձեր երեսը տեսնելու։ 18Դրա համար, ես՝ Պողոսս, մեկ անգամ, ավելին՝ երկու անգամ կամեցա գալ ձեզ մոտ, բայց սատանան խոչընդոտեց մեզ։ 19Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք։ 20Դուք եք մեր փառքն ու ուրախությունը։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录