ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 5
5
Խաղաղություն Աստծու հետ
1Ուրեմն, հավատով արդարացած, խաղաղություն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, 2որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ 3Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, 4համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ 5Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ 6Որովհետև մինչ անկարող էինք, Քրիստոսը ճիշտ ժամանակին մեզ՝ մեղավորներիս համար մեռավ։ 7Որովհետև հազիվ թե մեկն արդար մարդու համար մեռնի. բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։ 8Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ 9Այժմ, երբ արդարացված ենք իր արյունով, որչա՜փ առավել նրանով փրկված կլինենք բարկությունից։ 10Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։ 11Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որի միջոցով հենց հաշտություն ընդունեցինք։
Ադամ և Քրիստոս
12Ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, և մեղքի միջոցով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին։ 13Քանի որ մինչև Օրենքը մեղքը կար աշխարհում, բայց մեղքը նկատի չի առնվում, քանի դեռ օրենք չկա։ 14Սակայն Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր չմեղանչեցին Ադամի հանցանքի նմանությամբ, Ադամի, որ նախօրինակն է նրա, որ գալու էր։ 15Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։ 16Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։ 17Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որչա՜փ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ 18Ապա, ուրեմն, ինչպես մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության ենթարկվեցին, նույնպես և մեկ հոգու արդարությամբ բոլոր մարդիկ կյանքի արդարությանը կհասնեն։ 19Որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես և մեկ հոգու հնազանդությամբ շատերն արդար պիտի լինեն։ 20Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։ 21Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն