YouVersion 標識
搜索圖示

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 16

16
Ողջույններ
1Հանձնարարում եմ ձեզ Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է, 2որպեսզի Տիրոջ անունով ընդունեք նրան, ինչպես վայել է սրբերին, և հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ որ դիմի ձեզ. որովհետև նա ևս հոգատար եղավ շատերին և հենց ինձ։
3Ողջունե՛ք Պրիսկեին ու Ակյուղասին՝ Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին, 4որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։ 5Ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիա նահանգից Քրիստոսի առաջին պտուղն է։ 6Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։ 7Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։ 8Ողջունե՛ք Ամպղիային՝ Տիրոջով իմ սիրելիին։ 9Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Տիրոջով իմ գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։ 10Ողջունե՛ք Ապեղեսին, որ ընտրյալ է Տիրոջով։ 11Ողջունե՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք Նարկիսոսի ընտանիքի անդամներին, որոնք Տիրոջը հավատացին։ 12Ողջունե՛ք Տրիփոսին և Տրիփոնին, որոնք աշխատեցին Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդեին, որ Տիրոջ համար շատ աշխատեց։ 13Ողջունե՛ք Ռուփոսին՝ Տիրոջով ընտրյալին, և նրա մորը, որ ինձ էլ մայր է։ 14Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբային, Երմեսին և նրանց հետ եղող եղբայրներին։ 15Ողջունե՛ք Փիղողոգոսին, Յուլիային, Ներեոսին ու նրա քրոջը, Ողիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին։ 16Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։
Վերջին զգուշացումներ
17Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից, 18որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։ 19Ձեր հնազանդության համբավը հասել է բոլորին, ուստի ձեզ համար ուրախ եմ։ Բայց ուզում եմ, որ իմաստուն լինեք՝ բարի գործեր կատարելով, և անմեղ՝ չար գործերից հեռու մնալով։ 20Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
21Ձեզ ողջունում է Տիմոթեոսը՝ իմ գործակիցը, ինչպես նաև Ղուկիոսը, Յասոնը և Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։ 22Ողջունում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ այս նամակը գրեցի։ 23Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Փառաբանություն
24Նրան, որ կարող է ձեզ հաստատուն պահել ըստ իմ ավետարանի և ըստ քարոզության Հիսուս Քրիստոսի, ըստ այն խորհրդի հայտնության, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր, 25իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար, 26միակ իմաստուն Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով. նրան փառք հավիտյանս։ Ամեն։ 27Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入