ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12
12
Հոգևոր պաշտամունք
1Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։ 3Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։ 4Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, 5նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։ 6Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգևներ՝ մեզ տրված շնորհի համեմատ. ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով. 7թե ծառայության պարգև ունի, թող ծառայության մեջ լինի. թե ուսուցանում է, ուսուցանելու մեջ. 8թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։ 9Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից. 10եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել. 11ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, 12հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք. 13սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։ 14Օրհնե՛ք ձեզ հալածողներին, օրհնե՛ք և մի՛ անիծեք։ 15Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք. 16Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։ 17Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։ 18Ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահեք։ 19Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։ 20Ընդհակառակը՝
«Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան,
և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան.
այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Առկ. 25.21-22)։
21Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն