ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28
28
Պողոսը Մելիտինեում (Մալթա կղզում)
1Արդեն փրկված՝ իմացանք, թե այն կղզու անունը Մալթա էր։ 2Տեղացիները մեր հանդեպ բավական մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին և մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։ 3Եվ երբ Պողոսը շատ չոր ճյուղեր հավաքեց և խարույկի վրա դրեց, մի իժ, կրակի տաքության պատճառով դուրս գալով, կախվեց նրա ձեռքից։ 4Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։ 5Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, իսկ իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ 6Տեղացիները սպասում էին, որ նա կուռչի կամ կընկնի ու հանկարծակի կմեռնի։ Շատ սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան որևէ վնաս չպատահեց, նորից խոսքը դարձրին և ասում էին. «Սա մի աստված է»։ 7Այդ տեղի շրջակայքում էին գտնվում կղզու գլխավորի ագարակները. նրա անունը Պոպլիոս էր։ Նա երեք օրով մեզ իր մոտ ընդունեց և սիրով հյուրընկալեց։ 8Եվ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով և արյունալուծից հիվանդացած, անկողին ընկավ։ Պողոսը նրա մոտ մտավ և աղոթելով ձեռքը նրա վրա դրեց ու բժշկեց։ 9Երբ այս ամենը պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին ու բժշկվում։ 10Նրանք մեծ շուքով պատվեցին մեզ, և երբ գնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։
Մալթայից Հռոմ
11Եվ երեք ամիս հետո բարձրացանք դիոսկուրյանների նշանը կրող Ալեքսանդրիայի մի նավ, որը ձմեռել էր կղզում։ 12Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։ 13Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն, և երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլուս, 14որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։ 15Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։
Պողոսի քարոզչությունը Հռոմում
16Եվ երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց, որ իր պահապան զինվորի հետ միասին առանձին բնակվի։ 17Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։ 18Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։ 19Բայց երբ հրեաները հակառակվեցին, հարկ եղավ կայսրին բողոքելու, բայց ոչ թե նրա համար, որ իմ ազգի դեմ չարախոսելու բան ունեի։ 20Այս պատճառով խնդրեցի ձեզ՝ տեսնելու և խոսելու, քանի որ Իսրայելի հույսի համար եմ այս շղթաների մեջ գտնվում»։ 21Եվ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրեաստանից ոչ մի նամակ չենք ստացել, մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խոսել քո մասին։ 22Բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա»։
Հռոմում Պողոսի կոչը հրեաներին
23Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։ 24Ոմանք հավանում էին նրա խոսքերը, ուրիշներ էլ չէին հավատում։ 25Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝ 26ասելով.
“Գնա՛ այդ ժողովրդի մոտ ու ասա՛.
“Ինչքան էլ լսեք, չեք հասկանա,
ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
27 Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է,
ծանր են լսում իրենց ականջներով,
իրենց աչքերը փակել են.
այդ պատճառով աչքերով չեն տեսնում,
ականջներով չեն լսում,
սրտով չեն հասկանում,
որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
28Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։
29Եվ երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ շատ տարաձայնություններ ունեին։
Աստծու արքայության քարոզությունը
30Ամբողջ երկու տարի Պողոսն ապրեց իր ծախսով՝ ընդունելով բոլոր իր մոտ եկողներին։ 31Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն