YouVersion 標識
搜索圖示

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25

25
Պողոսի դիմումը կայսրին
1Երբ Փեստոսն իշխանության անցավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխավորները նրան զեկուցեցին Պողոսի մասին և 3նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։ 4Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ 5Ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, ինձ հետ թող իջնեն, և եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն»։ 6Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։ 7Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել, 8քանի որ Պողոսը պատասխանում էր. «Ոչնչով հանցավոր չեմ ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դեմ»։ 9Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։ 10Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես. 11ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։ 12Այդժամ Փեստոսը, իր խորհրդականների հետ խոսելուց հետո, պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մոտ պիտի գնաս»։
Պողոսը Ագրիպպաս արքայի առաջ
13Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։ 14Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած, 15որի մասին քահանայապետները և հրեաների գլխավորներն ինձ տեղեկացրին, երբ Երուսաղեմ գնացի։ Ինձնից խնդրում էին, որ նրան պատժեմ։ 16Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։ 17Եվ երբ այստեղ եկան, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։ 18Նրա դեմ ամբաստանություն ներկայացնողները մեջտեղ չէին բերում և ոչ մի հանցանք, որ ես կասկած ունենայի. 19այլ նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող ինչ-ինչ խնդիրներ ունեին, ինչպես նաև մեռած ոմն Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։ 20Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, մեղադրյալին ասացի, թե կկամենա՞ր Երուսաղեմ գնալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել։ 21Բայց երբ Պողոսը բողոքեց, որ ինքը պետք է պահվի օգոստափառի վճռի համար, հրամայեցի պահել նրան, մինչև որ կայսեր մոտ ուղարկեմ»։ 22Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղն իսկ կլսես նրան»։
23Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։ 24Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքա և մեզ հետ ներկա ամենքդ, տեսնո՞ւմ եք սրան. հրեա ամբողջ ժողովուրդը թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ սրա մասին ամբաստանություն էին անում ինձ մոտ և աղաղակում, թե նա չպետք է կենդանի մնա։ 25Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։ 26Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։ 27Քանզի ինձ անպատեհ բան է թվում ուղարկել մի բանտարկյալի՝ առանց նրա մասին որևէ հանցանք նշելու»։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入