ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23
23
1Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։ 2Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին։ 3Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։ 4Շուրջը կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ 5Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» (Ելք 22.27)։ 6Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։ 7Եվ երբ այս ասաց, փարիսեցիների և սադուկեցիների միջև երկպառակություն առաջացավ, և բազմությունը պառակտվեց, 8որովհետև սադուկեցիներն ասում էին. «Չկա հարություն և ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ Հոգի, իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ։ 9Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից դպիրներից ոմանք ոտքի ելան և հակառակվում էին՝ ասելով. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում, այլ թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։ 10Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։ 11Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։
Հրեաների դավադրությունը Պողոսի կյանքի դեմ
12Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։ 13Քառասունից ավելի էին նրանք, որ իրար հետ այս երդումն էին արել։ 14Նրանք մոտեցան քահանայապետներին և ծերերին ու ասացին. «Սուրբ երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։ 15Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։ 16Իսկ Պողոսի քրոջ որդին, լսելով այս դավադրությունը, եկավ զորանոց ու պատմեց Պողոսին։ 17Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։ 18Նա պատանուն առավ տարավ հազարապետի մոտ ու ասաց. «Կալանավորված Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։ 19Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց ու հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»։ 20Պատանին ասաց. «Հրեաները միաբանվեցին՝ խնդրելու քեզ, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա վերաբերյալ ավելի ստույգ հարցաքննել։ 21Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։ 22Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ նրան պատվիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թե այս բաների մասին ինձ տեղեկացրիր»։
Պողոսը տարվում է Կեսարիա
23Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ, 24ինչպես և պատրաստի գրաստներ, որ Պողոսին իջեցնեն ու ապահով տեղ հասցնեն»։ Եվ Ֆելիքս կուսակալին 25նամակ գրեց, որն այս բովանդակությունն ուներ. 26«Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։ 27Այս մարդը բռնվել էր հրեաների կողմից, և նրանց կողմից սպանվելու մոտ էր. զինվորներով վրա հասա և ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։ 28Կամեցա գիտենալ հանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան ատյան իջեցրի։ 29Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։ 30Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։
31Զինվորները, իրենց տրված հրամանի համաձայն Պողոսին վերցնելով, գիշերով տարան Անտիպատրիդա։ 32Եվ հաջորդ օրը, թողնելով հեծյալներին, որ նրա հետ գնան, զորանոց վերադարձան։ 33Հեծյալները մտան Կեսարիա և նամակը կուսակալին տալով՝ Պողոսին էլ կանգնեցրին նրա առաջ։ 34Երբ կուսակալը նամակը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և ստուգելով, որ Կիլիկիայից է, 35ասաց. «Քեզ կլսեմ, եթե քեզ չարախոսողներն էլ գան, ներկա լինեն»։ Եվ հրամայեց պահել նրան Հերովդեսի ապարանքում։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն