YouVersion 標識
搜索圖示

Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 1

1
Ալեքսանդրիայի Պտղոմեոս Դ Ֆիլոպատորի հաղթանակը Անտիոքի Անտիոքոս Գ-ի դեմ 217 թ.
1Ֆիլոպատորն իր մոտ վերադարձողներից տեղեկացավ, որ Անտիոքոսը գրավել է իր հողերը։ Ուստի հրաման տվեց իր ամբողջ զորքին՝ հետևակին ու հեծելազորին, հետը վերցրեց իր քույր Արսինոյեին և շարժվեց, գնաց հասավ Ռաափիա, ուր հասել ու բանակ էր դրել Անտիոքոսն իր ամբողջ զորքով։ 2Թեոդոտոս անունով մեկը, դավադրություն նյութելով, վերցրեց իր ձեռքի տակ եղած զորագունդը, գաղտնի զինվեց ու գիշերով հասավ Պտղոմեոսի վրանը, որպեսզի ներս մտնի և նրան այնտեղ սպանելով՝ միայնակ լուծի պատերազմի հարցը։ 3Բայց Դոսիթեոս անունով մի հրեա, որն ուրացել էր իր նախնիների կրոնը, Պտղոմեոսին ուրիշ տեղ էր առաջնորդել և այդտեղ՝ վրանում, աննշան մեկին դրել։
4Երբ մարտը բորբոքվեց, և հաջողությունը թեքվեց Անտիոքոսի կողմը, Արսինոյեն անմիջապես վեր կացավ, զորքերին ողորմաձայն լալով ու հերարձակ աղաչեց, որ նրանք այսուհետև իրենց ու իրենց որդիների համար կռվեն, և եթե կարողանան հաղթանակ տանել, ապա խոստացավ նրանցից ամեն մեկին երկուական ոսկի մնաս տալ։ 5Այնպես պատահեց, որ Անտիոքոսն ու իր զորքը պարտություն կրեցին. ոմանք կոտորվեցին, ոմանք գերեվարվեցին։
6Երբ դավադրությունը կանխվեց, և պատերազմը բարեհաջող ավարտ ունեցավ, Պտղոմեոսը որոշեց գնալ այցելել իր շրջակայքում գտնվող քաղաքները և քաջալերել բնակիչներին։ 7Այդ անելով և պաշտամունքի բոլոր վայրերին նվերներ բաշխելով՝ նա ոգևորեց ու քաջալերեց իր հպատակներին։
8Եբրայեցիները ևս ժողովրդի ծերակույտից մարդ ուղարկեցին՝ նրան ողջունելու, նվերներ մատուցելու և հաղթանակի առթիվ ուրախություն հայտնելու։ Նա էլ հայտնեց, որ սիրով հանձն է առնում գնալ նրանց մոտ։
Հրեաները Պտղոմեոսին թույլ չեն տալիս մտնել Սրբություն սրբոց
9Երբ մեծ շուքով ու հանդիսավորությամբ եկավ հասավ Երուսաղեմ, մեծ Աստծուն ողջակեզներ մատուցեց, գոհություն հայտնեց ու շնորհակալ եղավ և կամենում էր ավելի պատիվներ տալ այդ վայրին։ 10Իսկ երբ մտավ տաճար, զարմացավ սուրբ վայրի գեղեցկության ու շքեղության և դրա սպասքի դասավորության վրա, ապա ցանկություն հայտնեց մտնել սրբարանից ներս։ 11Հրեաները առաջը կտրեցին և հայտնեցին, որ պատշաճ ու հարմար չէ այդ բանն անելը, որովհետև հրեաներն իրենք անգամ իրավունք չունեն մտնել այնտեղ։ Նույնիսկ քահանաները չեն կարող մտնել այնտեղ, այլ միայն քահանայապետը, այն էլ տարին միայն մեկ անգամ։ Սակայն նա չնահանջեց։ 12Թեպետ բերեցին օրենսգիրքը, կարդացին նրա առաջ, բայց նա չհրաժարվեց. համառում, պնդում էր, որ ներս մտնի։ «Եթե նրանք արժանի չեն ներս մտնել, ապա ես,- ասում էր,- արժանի եմ այդ պատվին։ 13Հապա ինչպե՞ս է,- ասաց,- որ պաշտամունքի բոլոր վայրերն անխտիր համարձակ մտել եմ, և ոչ ոք ինձ չի արգելել»։ 14Այդտեղից մեկը համարձակորեն խոսեց 15ու ասաց. «Ինչո՞ւ ես համառելով պնդում։ Մի՞թե չի կարող լինել այնպիսի մի տեղ, ուր պատշաճ չէ մտնել»։ Նա պատասխանեց. «Ո՛չ, հնար չկա, ուզում եք, թե չեք ուզում, ես մտնելու եմ»։
16Բոլոր քահանաներն իրենց թանկարժեք զգեստներով ընկան գետնին և աղաչում էին Աստծուն, որ օգնի իրենց և նրան հետ կանգնեցնի իր մտադրությունից։ Նրանք տաճարը աղաղակով ու լացուկոծով լցրին։ 17Մնացած քաղաքացիներն էլ հուզված ու շտապ այդտեղ հասան։ «Ի՞նչ է պատահել»,- շշնջում էին նրանք։ Կույսերը, որոնք իրենց մայրերի հետ փակված էին իրենց տներում, փողոց ելան։ Նրանք հող էին ցանում իրենց գլխին և քաղաքը լցնում իրենց ճիչ ու աղաղակով։ 18Նորահարսները, իրենց պատշաճ ամոթը մոռացած, դուրս եկան իրենց առագաստներից և համարձակ քայլվածքով դեպի քաղաքամեջ էին շտապում։ 20Նույն ձևով դեռատի մայրերն իրենց երեխաներով, երեխաների հոգսերը մոռացած, խելահեղորեն վազում էին արտերի միջով՝ առանց հետ նայելու, որպեսզի հավաքվեն սրբազան տաճարի մոտ։ 21Այստեղ հավաքվածների աղոթքը բազմազան էր, որովհետև թագավորն անօրենությամբ որոշել էր հանդգնաբար ներս մտնել։ 22Դրա համար քաղաքացիները բարկացել էին և չէին հաշտվում այդքան անիրավ մարդու բռնության հետ։
23Երբ տեսան, որ հաստատապես ու համառորեն ուզում է իր կամքը կատարել, միմյանց ձայն տվեցին, ամեն մեկն իր զենքը վերցրեց, որպեսզի կազմ ու պատրաստ լինի կռվելու և մեռնելու հանուն նախնիների հավատի ու հայրերի օրենքների։ Այդտեղ նրանք մեծ խռովություն բարձրացրին, բայց ժողովրդի ծերերը մի կերպ կարողացան ամբոխին հանդարտեցնել և կռվի պատրաստվածներին դարձյալ նույն աղոթական վիճակին դարձնել։ 24Քաղաքի ժողովուրդը ևս նախկինի պես աղոթքի մեջ էր։ 25Թագավորի մոտ գտնվող ծերերն ու մեծամեծները ջանում էին նրա գոռոզ միտքը փոխել և կոտրել նրա բորբոքված համառությունը։ 26Բայց նա չէր ընկրկում. համառորեն պահանջում էր կատարել նախապես հայտնած իր կամքը։ 27Նրա մոտ գտնվողները, երբ տեսան նրա համառությունը, դարձյալ աղոթքի կանգնեցին և աղաչեցին Ամենազոր Աստծուն, որ զորավիգ լինի իրենց, որ չարհամարհի ու չլքի իրենց և թույլ չտա, որ իրենց Օրենքն ու կրոնը ոտնահարվեն ամբարտավան խորհուրդներով։ 28Հավաքված ժողովուրդն այնպես անընդհատ ու սրտակեղեք էր աղաղակում, որ սոսկալի աղմուկ բարձրացավ, 29և թվում էր, թե ոչ միայն մարդիկ են աղաղակում, այլև պարիսպներն ու գետինն են ձայն տալիս, որովհետև բոլորը գերադասում էին մեռնել, քան սրբարանը պղծված տեսնել։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入