YouVersion 標識
搜索圖示

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 7

7
Դեմետրիոս Առաջինը դառնում է թագավոր
1Հարյուր հիսունմեկ թվականին Սելևկիոսի որդի Դեմետրիոսը ելավ Հռոմ քաղաքից, սակավաթիվ զինվորներով եկավ ծովեզերյա մի քաղաք և թագավորեց այնտեղ։ 2Երբ Անտիոքոսը ցանկացավ մտնել իր հայրենի թագավորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիվ զինվորներ, ձերբակալեցին Լյուսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մոտ։ 3Երբ Դեմետրիոսին հայտնեցին եղելությունը, նա հրաման տվեց և ասաց. «Նրանց երեսը ինձ բնավ ցույց մի՛ տվեք»։ 4Նրանց վերցրին, զորքից դուրս տարան ու սպանեցին։ Թագավորական գահին նստեց Դեմետրիոսը։ 5Նրա մոտ եկան իսրայելացի անօրեն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Ալկիմոսն էր. նա ինքը ձգտում էր քահանայության։ 6Նրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Հուդան կորստյան մատնեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին և մեզ հալածեց մեր իսկ երկրից։ 7Արդ, հավատարիմ մարդի՛կ ուղարկիր, որպեսզի գան, տեսնեն ազգի չարչարանքներն ու այն հարվածները, որ նա հասցրել է մեզ և արքունի երկրին, և պատժեն նրանց ու նրանց օգնողներին»։
Բաքիդեսն ու Ալկիմոսը Հուդայի երկրում
8Թագավորն ընտրեց Բաքիդեսին՝ իր բարեկամներից մեկին, որը գետի մյուս կողմի իշխանն էր։ Նա անվանի էր թագավորության մեջ և հավատարիմ էր արքային։ 9Արքան ուղարկեց նրան, նրա հետ նաև՝ անօրեն Ալկիմոսին, որին հանձնեց քահանայությունը և հրաման տվեց, որ նա լուծի իսրայելացիների վրեժը։ 10Բաքիդեսը շարժվեց գնաց և այդտեղից բանագնացներ ուղարկեց Հուդայի ու նրա եղբայրների մոտ, որ խորամանկ խոսքերով խաղաղություն առաջարկեն։ 11Սակայն սրանք չհավատացին նրանց խոսքերին, որովհետև տեսան, որ մեծաթիվ զորքով են եկել։
12Բաքիդեսի ու Ալկիմոսի մոտ հավաքվեց օրենսգետների մի խումբ, որպեսզի արդար պայմաններ խնդրեն։ 13Իսրայելացիներից առաջինն ասիդացիներն էին, որ նրանցից խաղաղություն խնդրեցին, 14որովհետև այսպես մտածեցին. «Եթե Ահարոնի սերնդից մի քահանա է եկել զորքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»։ 15Ալկիմոսը խաղաղության խոսքեր ասաց նրանց և երդվեց նրանց. «Ո՛չ ձեզ վնաս կպատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»։ 16Հավատացին նրան, բայց նա նրանցից վաթսուն մարդ բռնեց ու մի օրում սպանեց ըստ Գրքում գրված այն խոսքի, թե՝ 17«Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արյունը հեղեցին Երուսաղեմի շուրջը, և ոչ ոք չկար, որ թաղեր նրանց»։ 18Ժողովուրդն ահ ու սարսափի մեջ ընկավ, որովհետև մտածում էին, որ նրանք ո՛չ իրավունք են ճանաչում, ո՛չ ճշմարտություն, քանի որ դրժեցին իրենց խոստումն ու երդումը։
19Բաքիդեսը հեռացավ Երուսաղեմից և եկավ, բանակ դրեց Բեթզաեթում։ Նա մարդ ուղարկեց և բռնել տվեց իր մոտ փախածներից շատերի ու ժողովրդից ոմանց և հրամայեց սպանել նրանց ու նետել խոր ջրհորի մեջ։ 20Նա երկիրը հանձնեց Ալկիմոսին, Ալկիմոսի մոտ մեծաթիվ զորք թողեց իբրև օգնական նրան, իսկ ինքը գնաց արքայի մոտ։
21Ալկիմոսը ջանք էր թափում, որպեսզի քահանայապետ դառնար։ 22Նրա մոտ հավաքվեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նվաճեցին Հուդայի երկիրը և իսրայելացիներին մեծամեծ հարվածներ հասցրին։ 23Երբ Հուդան տեսավ Ալկիմոսի ու նրա հետ եղող իսրայելացիների կատարած չարագործությունները, 24չորս կողմից հարձակվեց Հուդայի երկրի սահմանների վրա և վրեժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ հեթանոսներին էին հարել։ Դրանից հետո նրանք այլևս Հուդայի երկիր չէին գալիս։ 25Երբ Ալկիմոսը տեսավ, որ Հուդան այս անգամ էլ հզորացավ, և հասկացավ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկավ թագավորի մոտ, որպեսզի չարախոսի նրանից։
Նիկանորի և Հուդայի հանդիպումը
26Թագավորն այս անգամ ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակավոր զորավարներից մեկին, մանավանդ որ սա ատելություն ու թշնամանք էր տածում Իսրայելի նկատմամբ։ Թագավորը նրան պատվիրեց, որ բնաջնջի այդտեղի ժողովրդին։ 27Նիկանորը եկավ հասավ մեծաթիվ զորքով և նենգությամբ խաղաղության պատգամներ ուղարկեց Հուդային ու նրա եղբայրներին՝ ասելով. 28«Կռիվ թող չլինի իմ ու ձեր միջև։ Ես կգամ սակավաթիվ մարդկանցով, որպեսզի խաղաղությամբ տեսնեմ ձեզ երես առ երես»։ 29Նա եկավ Հուդայի մոտ, նրանք խաղաղությամբ ողջունեցին միմյանց, մինչդեռ զորքը ճակատ կազմել-պատրաստվել էր, որպեսզի հարձակվի ու ձերբակալի Հուդային։ 30Երբ Հուդան իմացավ, որ Նիկանորը նենգ մտադրությամբ է եկել իր մոտ, հոգին տակնուվրա եղավ, վրդովվեց, մոտ չեկավ նրան և նրա երեսն այլևս չէր ուզում տեսնել։ 31Երբ Նիկանորը տեսավ, որ իր գաղտնիքը բացահայտվել է, առաջ շարժվեց, որպեսզի հանդիպի նրան ու պատերազմի Քափարսալամի մոտերքում։ 32Նիկանորի բանակից մոտ հինգ հարյուր մարդ ընկավ, իսկ մնացածները փախան Դավթի քաղաքը։
33Այս դեպքերից հետո Նիկանորը եկավ, բարձրացավ Սիոն լեռը։ Սրբարանի քահանաներից ոմանք ելան նրա մոտ, որպեսզի խաղաղությամբ ողջունեն նրան և ցույց տան նրան այն ողջակեզները, որ ամեն օր մատուցում էին թագավորի կյանքի համար։ 34Բայց նա անարգեց ու ծաղրեց նրանց և անպատվեց ծանր ու ամբարտավան խոսքերով։ 35Ապա հարվածեց նրանց և ցասումով ասաց. «Եթե Հուդային իր գնդի հետ այս անգամ իմ ձեռքը չհանձնեք, ապա եթե խաղաղությամբ այստեղ վերադառնամ, այս տաճարը կրակի կմատնեմ և ձեզնից վրեժ կլուծեմ»։ Նա թողեց գնաց խիստ վրդովված ու զայրացած։ 36Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել. 37«Դու ընտրեցիր քո այս տաճարը, որպեսզի քո սուրբ անվամբ կոչվի այն և քո ժողովրդի համար ուխտի ու աղոթքի տուն լինի։ 38Դու էլ վրե՛ժ լուծիր այդ մարդուց և նրա բանակից։ Նրանք թող կոտորվեն իրենց իսկ սրով։ Հիշի՛ր նրանց հայհոյությունները և նրանց հանգիստ մի՛ տուր»։
Նիկանորի պարտությունը և մահը
39Նիկանորը ելավ Երուսաղեմից և բանակ դրեց Բեթորոնում։ Նրան ընդառաջ եկան Ասորիքի զորքերը։ 40Հուդան ինքը երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում։ Նա սկսեց աղոթել ու ասաց. 41«Այն ժամանակ, երբ թագավորի մոտից մարդիկ էին եկել և հայհոյում էին քեզ, քո հրեշտակը ելավ ու հարվածելով նրանց՝ հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ 42Նույն ձևով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպեսզի մնացածներն իմանան, որ Նիկանորը սին խոսքեր է ասել քո սրբարանի մասին։ Պատժի՛ր նրան ըստ իր չարության»։
43Երկու բանակները հասան և իրար բախվեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը։ Նիկանորի գունդը պարտվեց, ջախջախվեց, և առաջինն ինքը սրախողխող ընկավ երկու բանակների միջև։ 44Երբ թշնամու գունդը տեսավ, որ Նիկանորն ընկավ, զենքերը նետեցին և փախուստի դիմեցին։ 45Սրանք, նրանց հետևից պատերազմի փող փչելով, մեկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչև որ հասան Գազերա։ 46Հուդայի երկրի բոլոր քաղաքներից, որ շրջակայքում էին գտնվում, ելան ու հարվածեցին նրանց։ Սրանք էլ խռնվեցին, հետ դարձան դեպի իրենց հալածողները և բոլորն էլ սրախողխող ընկան այդ օրը, և նրանցից մեկ մարդ անգամ չմնաց։ 47Եկան և սկսեցին ավար առնել, կողոպտել բանակի զենքերը, գանձերը և ամբողջ ունեցվածքը։ Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզությամբ հանդգնել էր բարձրացնել տաճարի վրա, և բերեցին ու ի ցույց դրեցին Երուսաղեմի դիմաց։ 48Ժողովուրդը չափազանց ուրախացավ և այդ օրը նշեց որպես տարեկան մեծ տոն։ 49Այդ օրը՝ Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամյա տոն։ 50Եվ Հուդայի երկիրը միառժամանակ հանգիստ վայելեց։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入