Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 13
13
Շմավոնը հաջորդում է Հովնաթանին
1Շմավոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զորք է հավաքել՝ Հուդայի երկրի վրա հարձակվելու և բնակիչներին կոտորելու համար։ 2Երբ տեսավ, որ ժողովուրդը ահի և խուճապի մեջ է, ինքը վեր կացավ եկավ Երուսաղեմ, հավաքեց ժողովրդին 3և քաջալերեց նրանց՝ ասելով. «Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքան գործեր ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հոր տունը։ Քանի՜-քանի՜ պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղություններ կրել հանուն մեր սրբարանի, մեր օրենքների ու քաղաքի, 4որովհետև Իսրայելի ու ձեր բոլորի համար զոհվեցին իմ բոլոր եղբայրները, և ես եմ մնացել միայն։ 5Քավ լիցի, որ իմ անձը խնայեմ որևէ դժվարության ժամանակ։ Թեև ես ավելի քաջ չեմ, քան իմ եղբայրները, 6բայց մեր ազգի, մեր սրբարանի և օրենքների, մեր կանանց ու որդիների վրեժը լուծելու համար ավելի կզորանամ, քանի որ բոլոր հեթանոսներն ահա հավաքվել են, որ հարձակվեն և մեր հիշատակը ջնջեն երկրի երեսից»։
7Երբ նա խոսում էր, ժողովուրդը ոգևորվում ու հուսադրվում էր։ 8Նրանք պատասխան տվեցին, սկսեցին խոսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Հուդայի ու քո եղբայր Հովնաթանի փոխարեն։ 9Ղեկավարի՛ր մեր պատերազմը, և ինչ որ ասես, կհնազանդվենք քեզ»։ 10Նա հավաքեց բոլոր ռազմիկներին և շտապեց կառուցել Երուսաղեմի պարիսպը։ 11Աբեսաղոմի որդի Հովնաթանին էլ մեծ զորքով ուղարկեց Հոպպե։ Նա այնտեղից վտարեց պահապաններին և ինքը մտավ, ամրացավ այնտեղ ու պահպանում էր այն։
Հովնաթանի վախճանը
12Դրանից հետո Տրիփոնը մեծ զորքով շարժվեց Պտղոմայիսից, որ գա Հուդայի երկիր։ Նա հսկողության ներքո իր հետ բերում էր Հովնաթանին։ 13Շմավոնը բանակ էր դրել Ադիդայում՝ դաշտի դիմաց։ 14Երբ Տրիփոնը տեղեկացավ, որ Շմավոնը նստել է իր եղբայր Հովնաթանի փոխարեն և պատրաստվում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց և ուղարկելով նրա մոտ՝ ասաց. 15«Հովնաթանն այստեղ բանտարկված է այն դրամի համար, որ պարտք է արքունիքին։ 16Արդ, հարյուր քանքար արծա՛թ բերել տուր և նրա որդիներից երկուսին ինձ մո՛տ ուղարկիր, որպեսզի երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դեմ»։
17Շմավոնը հասկացավ, որ խաբեություն կա նրա խոսքերի մեջ, բայց տվեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպեսզի չլինի թե թշնամություն ծագի ժողովրդի ու իր միջև, 18և չասեն, թե՝ «Շմավոնը խնայեց արծաթը և չտվեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորստյան մատնվեց»։ 19Նա տվեց, որ տանեն հարյուր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց և Հովնաթանին ազատ չարձակեց։
20Դրանից հետո Տրիփոնը եկավ, որպեսզի ներխուժի երկիր և կոտորի նրանց։ Նա շրջապատեց Ադովր տանող ճանապարհը։ Բայց ուր էլ գնում էր, Շմավոնն իր բանակով նրա դեմ էր ելնում։ 21Երուսաղեմի միջնաբերդում գտնվողները Տրիփոնի մոտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա անապատով իրենց մոտ գա ու բերդի համար պաշար ուղարկի։ 22Տրիփոնն իր գնդով պատրաստվեց գալ ու միջնաբերդ մտնել, բայց քանի որ այդ գիշեր սաստիկ ձյուն եկավ, չկարողացավ գալ, այլ ելավ, եկավ Գաղաադի կողմերը։ 23Երբ նա մոտեցավ Բասկամային, այնտեղ սպանեց Հովնաթանին, որն այնտեղ էլ թաղվեց։ 24Տրիփոնն այդտեղից վերադարձավ ու եկավ իր երկիրը։
25Շմավոնը մարդ ուղարկեց, այնտեղից հանեց իր եղբայր Հովնաթանի ոսկորներն ու բերեց թաղեց Մովդիիմում՝ իր նախնիների քաղաքում։ 26Մեծ ողբով լաց եղան նրա վրա բոլոր իսրայելացիները և բազում օրեր սուգ պահեցին։ 27Նա իր հոր ու եղբայրների գերեզմանի վրա մահարձան կառուցեց։ Այն բարձր էր՝ շուրջանակի կոփածո քարերով։ 28Դրա վրա իրար դեմ դիմաց բուրգեր կանգնեցրեց և դեմ հանդիման երեք զարդանշաններ դրեց՝ ի պատիվ իր հոր ու եղբայրների։ 29Նա նաև բարձր սյուներ կանգնեցրեց և դրանց վրա զրահներ դրեց, որպես հավիտենական հիշատակ։ Զրահների կողքին էլ նավերի նմանությամբ քանդակներ արեց, որպեսզի դրանք երևան նրանց, ովքեր նավերով անցնում են ծովով։ 30Մովդիիմում կառուցված այս շիրիմը մնում է մինչև այսօր։
Դեմետրիոսը հաստատում է դաշինքը հրեաների հետ
31Տրիփոնը նենգությամբ վարվեց նաև պատանի Անտիոքոս արքայի հետ. սպանեց նրան 32ու թագավորեց նրա փոխարեն։ Իր գլխին դրեց Ասիայի թագը և մեծամեծ հարվածներ հասցրեց երկրին։
33Շմավոնը կառուցեց Հուդայի երկրի բերդերը, դրանք շրջապատեց բարձր պարիսպներով ու աշտարակներով, ամրացրեց դարպասներով ու նիգերով և լցրեց պարենով։ 34Շմավոնն ընտրեց անվանի մարդկանց և ուղարկեց Դեմետրիոսի մոտ, որ երկրին զիջումներ անի, որովհետև Տրիփոնի բոլոր գործերը հափշտակություններ էին եղել։ 35Դեմետրիոս թագավորը հետևյալ բովանդակությամբ պատասխան ուղարկեց նրան և այսպիսի հրովարտակ գրեց.
36«Դեմետրիոս արքան ողջունում է Շմավոն քահանայապետին՝ թագավորների բարեկամին, ծերակույտին ու հրեա ամբողջ ազգին։ 37Ստացանք ոսկե թագն ու արմավենու ճյուղը, որ ուղարկել եք մեզ, և պատրաստ ենք կայուն խաղաղություն հաստատել ու գրել հարկահավաք պաշտոնյաներին, որ զիջեն ձեր պարտքերը։ 38Ինչ որ մինչ այժմ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնա։ Ձեր կառուցած բերդերն էլ թող ձեզ պատկանեն։ 39Ներում ենք նաև մինչև այսօր ձեր կատարած կամա թե ակամա մեղքերը և չեղյալ համարում թագի հարկը, որ պարտք եք. որևէ այլ մաքս, որ գանձվում էր Երուսաղեմից, այլևս թող չգանձվի։ 40Եվ եթե ձեզնից որևէ մեկը պիտանի ու արժանի է՝ մեր թիկնազորի մեջ մտնելու, թող համարձակ արձանագրվի։ Մեր ու ձեր միջև խաղաղություն թող հաստատվի»։
41Հարյուր յոթանասուն թվականին հեթանոսների լուծը վերացավ իսրայելյան ցեղի վրայից։ 42Եվ ժողովուրդը մատյաններում ու առքուվաճառքի պայմանագրերում սկսեց գրել. «Շմավոն մեծ քահանայապետի և հրեա ազգի առաջնորդի ու զորավարի առաջին տարում»։
Շմավոնը գրավում է Գազարան և Երուսաղեմի միջնաբերդը
43Այդ օրերին նա հարձակվեց Գազարա քաղաքի վրա, զորքով պաշարեց այն և մարտական մեքենա կառուցելով՝ այն մոտեցրեց պարսպին ու կործանեց աշտարակներից մեկը։ 44Մեքենայից զինվորներ դուրս եկան ու ներխուժեցին քաղաք։ Մեծ խռովություն բարձրացավ քաղաքում։ 45Քաղաքի բոլոր բնակիչները՝ կանանցով ու երեխաներով հանդերձ, ճչալով, օձիքները պատռելով և աղաղակ բարձրացնելով, դիմեցին Շմավոնին 46և խնդրում էին խնայել իրենց, որպեսզի իրենց կատարած չարագործությունների համեմատ չդատի իրենց, այլ իր ողորմությամբ գթա իրենց։ 47Շմավոնը մեղմացավ, դադարեցրեց պատերազմը և հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց։ Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղություններից, որից հետո նա եկավ և ներս մտավ ցնծությամբ ու օրհնությամբ։ 48Այնտեղից մաքրեց բոլոր պղծությունները և այնտեղ բնակեցրեց Օրենքին հետևող մարդկանց։ Նա էլ ավելի ամրացրեց այն և բազմատեսակ ապարանքներ շինեց այնտեղ։
49Երուսաղեմի միջնաբերդում մնացածները դեռևս պաշարված, արգելափակված էին. նրանք ո՛չ ելումուտ ունեին, ո՛չ առևտուր էին կարողանում անել։ Նրանք նեղվում, սովամահ էին լինում։ Նրանցից շատերը մեռան։ 50Նրանք դիմեցին Շմավոնին՝ հաշտություն խնդրելով։ Նա համաձայնվեց, բայց նրանց այնտեղից դուրս հանեց և միջնաբերդը մաքրեց նրանց ամեն տեսակի պղծություններից։ 51Նա այնտեղ մտավ հարյուր յոթանասունմեկ թվականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը՝ օրհնություն ու գոհություն մատուցելով, արմավենու ճյուղերով, ցնծությամբ փող ու սրինգ հնչեցնելով, որովհետև խորտակվել էր Իսրայելի երկրի ահեղ թշնամին։ 52Նա հրաման տվեց ամեն տարի տոնել այդ օրը ուրախությամբ և ցնծությամբ։ Նա ամրացրեց միջնաբերդի մոտ գտնվող տաճարի լեռը, և ինքն իր սեփական զորագնդով բնակվեց այնտեղ։ 53Շմավոնը, տեսնելով, որ իր որդի Հովնաթանը չափահաս ու կատարյալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զորքերի իշխան՝ առաջնորդ զորավար, և վերակացու կարգեց Գազարայում։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն