YouVersion 標識
搜索圖示

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 11

11
Պտղոմեոս Զ արքայի արշավանքը Ալեքսանդրի դեմ
1Եգիպտացիների թագավորը զորք կազմեց, ծովափի ավազի չափ բազմաթիվ զինվորներ և շատ նավեր հավաքեց։ Նա ուզում էր նենգությամբ Ալեքսանդրի թագավորությանը տիրանալ և այն միացնել իր թագավորությանը։ 2Եվ խաղաղության պատգամներով եկավ Ասորիքի կողմերը։ Բնակիչները դարպասները բացեցին նրա առաջ ու ընդառաջ գնացին նրան, որովհետև այդպես էր պատվիրել Ալեքսանդր արքան, քանի որ Պտղոմեոսն իր աներն էր։ 3Երբ Պտղոմեոսը մտնում էր քաղաքները, ամեն մի քաղաքում իր զորքից պահապաններ էր թողնում։ 4Երբ նրանք եկան մոտեցան ազովտացիների քաղաքին, նրան ցույց տվեցին Դագովնի հրկիզված մեհյանը, պատերազմի ժամանակ կրակի մատնված քաղաքն ու նրա արվարձանները և այրված դիակները, որ բերել կույտ-կույտ դիզել էին ճանապարհի վրա։ 5Արքային նաև պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Հովնաթանը, որպեսզի նրան աչքից գցեին։ Թագավորը լուռ էր։ 6Հովնաթանը մեծ շուքով հանդիպեց թագավորին հոպպեացիների քաղաքում։ Իրար ողջույն տվեցին ու միասին անցկացրին այդ օրը։ 7Հովնաթանն արքայի հետ գնաց մինչև Ազատ կոչվող գետի կողմերը և այդտեղից վերադարձավ Երուսաղեմ, 8իսկ Պտղոմեոս արքան գրավեց ծովեզրյա քաղաքները մինչև Սելևկիա. նա Ալեքսանդրի դեմ դավադրություն էր պատրաստում։
9Նա Դեմետրիոս արքայի մոտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք։ Ես քեզ կտամ իմ դստերը, որ Ալեքսանդրի կինն է, և դու կտիրանաս քո հոր թագավորությանը։ 10Զղջում եմ, որ իմ դստերը նրան կնության տվեցի, քանի որ նա ցանկանում էր սպանել ինձ»։ 11Այսպես նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետև աչք էր դրել նրա տերության վրա։ 12Նա իր դստերը հետ բերեց ու տվեց Դեմետրիոսին։ Նա երես դարձրեց Ալեքսանդրից և հայտնի դարձրեց իր թշնամանքը։ Պտղոմեոսը մտավ և գրավեց քաղաքներն ու ծովեզրյա Սելևկիան. նա դավ էր նյութում Ալեքսանդրի դեմ։ 13Նա եկավ մտավ Անտիոք, գլխին դրեց Ասիայի թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ Ասիայի ու Եգիպտոսի թագերով։
14Այդ ժամանակ Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետև ապստամբություն էին բարձրացրել նրա դեմ։ 15Երբ Ալեքսանդրը դա իմացավ, եկավ նրա դեմ պատերազմելու։ Պտղոմեոսը նրա դեմ ելավ բազմաթիվ զորքով և նրան պարտության մատնեց։ 16Ալեքսանդրը փախավ արաբացիների կողմերը, որպեսզի թաքնվի այնտեղ ու ազատվի նրանից։ Եվ Պտղոմեոս արքան հզորացավ։ 17Արաբ Զաբդիելը կտրեց Ալեքսանդրի գլուխը և տվեց, որ այն տանեն Պտղոմեոս արքային։ 18Բայց երեք օր անց Պտղոմեոսը մեռավ, և բերդերի շուրջը գտնվող նրա զինվորները կոտորվեցին դրանց բնակիչների կողմից։ 19Դեմետրիոսը թագավոր դարձավ հարյուր վաթսունյոթ թվականին։
Պայմանագիր Դեմետրիոս Բ արքայի և Հովնաթանի միջև
20Այդ օրերին Հովնաթանը Հուդայի երկրում զորք հավաքեց, որ գա պատերազմ մղի Երուսաղեմում գտնվող միջնաբերդի համար, և նրա շուրջը բազմաթիվ ռազմական մեքենաներ կանգնեցրին։ 21Հրեա ազգին թշնամի մի քանի անօրեն մարդիկ գնացին պատմեցին թագավորին, թե Հովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը և պատրաստվել է գրավել այն։ 22Երբ Դեմետրիոսը դա լսեց, խիստ բարկացավ, վեր կացավ ու եկավ Պտղոմայիս, հրովարտակներ ուղարկեց Հովնաթանին, որ բերդն այլևս պաշարման մեջ չպահի, այլ անմիջապես վեր կենա ու գա Պտղոմայիս, որպեսզի այնտեղ հանդիպեն միմյանց։ 23Երբ Հովնաթանը դա լսեց, հրամայեց առավել ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից ընտրեց ազնիվ և իմաստուն մարդկանց, 24նվերներ, ոսկի ու արծաթ վերցրեց և իր անձը մահվան վտանգի տակ դնելով՝ գնաց, որ Պտղոմայիսում հանդիպի թագավորին։ Նրա կողմից պատվի արժանացավ, 25թեև շատ անօրեններ շարունակում էին ամբաստանել նրան։ 26Թագավորը նրան մեծարեց, ինչպես իր նախնիներն էին մեծարել, պատվեց նրան իր բոլոր բարեկամների մոտ, 27նրան տվեց քահանայապետության իշխանություն և այն բոլոր պատիվները, որ ուներ իրենից առաջ։ Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց։
28Հովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հուդայի երկրի և Սամարիայից երեք շրջանների հարկերը և խոստացավ նրան տալ միայն երեք հարյուր քանքար։ 29Թագավորին դա ընդունելի թվաց, և նա հրամայեց այս բոլորի վերաբերյալ հրովարտակ տալ Հովնաթանին հետևյալ բովանդակությամբ.
30«Դեմետրիոս արքան ողջունում է իր եղբայր Հովնաթանին։ 31Մեր ազգական Լասթենեսին գրված այս հրովարտակի պատճենը ուղարկում ենք նաև ձեզ, որ տեղյակ լինեք։ 32“Արքա Դեմետրիոսը ողջունում է հայրական բարեկամ Լասթենեսին։ 33Արժանի ենք համարում մեր բարեկամ, օգնական, նիզակակից և ուխտապահ հրեաներին բարություն հատուցել այն արդարության ու հավատարմության համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ։ 34Հաստատում ենք Հուդայի երկրի սահմանները և երեք շրջանները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը, որ Հուդայի երկրին են միացվել Սամարիայից։ Ըստ օրենքի նրանցից գանձվող հարկերը, որ ամեն տարի ստացվում էին հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից, փոխանակ արքունական գանձատուն մտնելու՝ այսուհետ թող հատկացվեն Երուսաղեմի պաշտոնյաներին։ 35Արքունի մյուս հարկերից՝ տասանորդներից, մաքսերից, արքունի այլ եկամուտներից, աղի տուրքից ու թագի հարկից,- 36այս բոլորից պետք է ազատենք նրանց։ Սրանցից ոչ մեկը թող չխախտվի հավիտենապես։ 37Արդ, հո՛գ տարեք, որ այդ հրովարտակի մի պատճենը հանեք և հանձնեք Հովնաթանին, որպեսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող և երևելի տեղում”»։
Հովնաթանի օգնությունը Դեմետրիոս Բ արքային
38Երբ Դեմետրիոս արքան տեսավ, որ ողջ երկիրը հնազանդվել է իրեն, և աշխարհում չկար մի բան, որ հակառակվեր իր կամքին, հրաման տվեց արձակել զորքերին՝ յուրաքանչյուրին իր տեղը, բացի հեռավոր ազգերի զինվորներից ու կղզիներից հավաքված ռազմիկների գնդից։ Այսպիսով բոլոր ազգերի զորքերը թշնամացան նրա դեմ։
39Ալեքսանդրի տոհմում Տրիփոն անունով մեկը, երբ տեսավ, որ բոլոր զորքերը տրտնջում են Դեմետրիոսի դեմ, գնաց Իմալկուս Արաբացու մոտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին։ 40Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն հանձնի, որպեսզի բերի նրան ու թագավորեցնի հոր փոխարեն։ Նա նրան պատմեց այն ամենի մասին, որ արել էր Դեմետրիոսը, և այն թշնամության մասին, որ զորքն ուներ նրա նկատմամբ։ Նա շատ օրեր մնաց նրա մոտ։
41Հովնաթանը Դեմետրիոս արքայի մոտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տա միջնաբերդից և մյուս բերդերից դուրս հանելու զորքերը, որովհետև սրանք թշնամաբար էին տրամադրված Իսրայելի նկատմամբ։ 42Դեմետրիոսը մարդ ուղարկեց Հովնաթանի մոտ ու ասաց. «Ես ոչ միայն այդ կանեմ քեզ ու քո ազգի համար, այլև պատվի կարժանացնեմ քո ազգը, միայն թե հարմար ժամանակ գտնեմ։ 43Իսկ այժմ լավ կանես, եթե օգնական մի գունդ ուղարկես, որովհետև իմ զորքը լքել է ինձ»։
44Երբ Հովնաթանը դա լսեց, անմիջապես լավ սպառազինված երեք հազարանոց մի գունդ ուղարկեց Անտիոք՝ թագավորին օգնության։ Թագավորն ուրախացավ, երբ նրանք հասան իր մոտ։ 45Երբ քաղաքի բնակիչները դա իմացան, զանազան տեղերից եկան հավաքվեցին քաղաքի կենտրոնում, մոտ հարյուր քսան հազար մարդ, և թագավորի վրա հարձակվելով՝ ուզում էին նրան անմիջապես սպանել, 46բայց նա խույս տվեց նրանցից։ Նրանք անմիջապես գրավեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը և սկսեցին կռվել։ 47Այդ իմանալով՝ իսրայելյան գունդը կուտակվեց թագավորի ապարանքի մոտ, ապա ձայն տվեցին միմյանց ու տարածվեցին ամբողջ քաղաքում և հարվածելով սպանեցին ու կոտորեցին մոտ տասը հազար մարդու։ 48Նրանք հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շենքերը, ավար առան նրանց կայքն ու ունեցվածքը և իրենց մոտ բերելով թագավորին՝ փրկեցին նրանց ձեռքից։
49Երբ քաղաքի գնդի մնացած զինվորները տեսան, որ իսրայելյան գունդը հզորացավ ու կատարելապես հաղթեց իրենց, հուսալքվեցին ու ընկճվեցին և աղաչական ձայնով սկսեցին դիմել թագավորին ու ասացին. 50«Խղճա՛ մեզ, և մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»։ 51Ասում էին այս, և ամեն մեկն իր զենքը նետում էր հաղթողների ոտքերի առաջ։ Իսրայելյան գնդի փառքն ու պատիվը բարձրացավ թագավորի ու նրա ողջ զորքի աչքին։ Դրանից հետո նրանք մեծ պատվով ու բազում ավարով վերադարձան Երուսաղեմ։ 52Դեմետրիոս արքան նստեց իր թագավորության գահին, և ամբողջ երկիրը դողաց նրա առաջ։ 53Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տվել էր իսրայելացիներին, բոլորովին օտարացավ Հովնաթանից և նրան չհատուցեց նրա հավատարիմ ծառայության համաձայն։
Հովնաթանն աջակցում է Անտիոքոս Զ արքային Դեմետրիոսի դեմ
54Այս դեպքերից հետո վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդեն թագավոր էր դարձել ու նստել թագավորության գահին։ 55Նրա մոտ հավաքվեցին այն բոլոր զինվորները, որ Դեմետրիոսն ազատ էր արձակել, և պատերազմեցին Դեմետրիոսի դեմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին։ 56Տրիփոնը եկավ, վերցրեց փղերին ու գրավեց Անտիոքը։
57Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Հովնաթանին հրովարտակ ուղարկեն, որի մեջ ասված էր. «Քեզ քահանայապետ եմ նշանակում և կարգում չորս շրջանների վրա ու համարում մեր հիմնական և առաջին բարեկամներից մեկը»։ 58Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկե գավաթներ ու տաճարի սպասքը։ Նրան իրավունք տվեց ըմպել ոսկե գավաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագավորական նշանի նման ճարմանդ կրել։ 59Հրաման տվեց, որ նրա եղբայր Շմավոնը Ծուրից մինչև եգիպտացիների սահմանի իշխան և զորավար նշանակվի։
60Հովնաթանը ելավ, որ շրջագայի Հորդանան գետի այն կողմում և քաղաքներում։ Ասորիքի ամբողջ զորքը՝ իբրև զինակից, նրա մոտ հավաքվեց։ Ապա նա եկավ Ասկաղոնի կողմերը։ Քաղաքի բնակիչները մեծամեծ պատիվներով ընդառաջ ելան նրան։ 61Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները։ Նա շրջապատեց քաղաքը, հրդեհի մատնեց դրա արվարձաններն ու բռնագրավեց դրանց ինչքն ու ունեցվածքը։ 62Դրանից հետո գազացիները եկան-կանգնեցին նրա առաջ, հաշտություն կնքեցին ու իրենց իշխանների որդիներին պատանդ տվեցին։ Նա Երուսաղեմ ուղարկեց նրանց, իսկ ինքը կտրելով ողջ երկիրը՝ անցավ մինչև Դամասկոսի կողմերը։
63Հովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զորքերով հասել են գալիլեացիների կողմերը՝ Կադես, նրան իշխանությունից զրկելու դիտավորությամբ։ 64Նա իր եղբայր Շմավոնին վերակացու թողեց երկրի վրա, իսկ ինքը նրանց դեմ գնաց։ 65Շմավոնը հարձակվեց Բեթսուրի վրա, բազում օրեր պաշարեց այն և շրջափակման մեջ դրեց նրա բնակիչներին։ 66Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի։ Շմավոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից և այդտեղ, քաղաքի վրա պահապաններ նշանակեց։
67Հովնաթանն էլ իր զորքով եկավ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մոտ և վաղ առավոտյան գնաց Ասովրի դաշտը։ 68Այլազգիների մի գունդ այդ դաշտում ընդառաջ եկավ նրան։ Նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կեսը դարան էր մտել, իսկ մյուս կեսը հարձակվեց նրա վրա։ 69Ապա դարանակալները ելան իրենց տեղերից, հետևից հարձակվեցին նրանց վրա, Հովնաթանին զորքով հանդերձ շրջապատեցին 70և Հովնաթանի զորքը փախուստի մատնեցին։ Նրա մոտ ոչ ոք չմնաց, բացի Աբեսաղոմի որդի Մատաթիայից ու Քալփիի որդի Հուդայից, որոնք զորքի զորավարներն էին։ 71Հովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը և հող լցրեց գլխին։ 72Ապա մեծ բարկությամբ հարձակվեց ու պարտության մատնեց նրանց։ 73Այն ժամանակ բոլոր փախուստի դիմածները վերադարձան նրա մոտ ու հալածեցին թշնամուն մինչև նրանց բանակատեղին՝ մինչև Կադես, և բանակ դրեցին այնտեղ։ 74Այդ օրը նրանք թշնամիներից մոտ երեք հազար սպառազեն հեծյալի սպանեցին, և Հովնաթանը վերադարձավ Երուսաղեմ։

醒目顯示

分享

複製

None

想要在所有設備上保存你的醒目顯示嗎? 註冊或登入