ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։ 2Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն և աղոթք
3Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ 4ուրախությամբ աղոթում եմ ձեր բոլորի համար, 5որովհետև առաջին օրվանից մինչև այժմ մասնակցեցիք ավետարանելու գործին։ 6Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ 7Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։ 8Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։ 9Աղոթում եմ, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի գիտությամբ և կատարյալ դատողությամբ, 10որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթաք մնաք Քրիստոսի օրվա համար՝ 11լցված արդարության պտուղներով, որ ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու փառքի ու գովերգության համար։
Քրիստոսը՝ կյանք
12Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը, 13պալատում և ամենուրեք բոլորն իմացան, որ Քրիստոսի համար եմ կապանքների մեջ։ 14Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ՝ քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը։ 15Ոմանք նախանձի ու հակառակության համար են Քրիստոսին քարոզում, իսկ ոմանք՝ բարի մտադրությամբ։ 16Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ Ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։ 17Իսկ նրանք Քրիստոսին են քարոզում հակառակասիրությունից մղված և ոչ թե մաքուր սրտով, որովհետև կարծում են, թե այդ ձևով նեղություններ են ավելացնում կապանքներիս վրա։ 18Բայց ի՞նչ կարևոր է. ինչ ձևով էլ լինի՝ պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ. 19որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկությանը՝ ձեր աղոթքների շնորհիվ և Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ 20Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։ 21Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է, և մեռնելը՝ շահ։ 22Իսկ եթե այս մարմնավոր կյանքը նշանակում է ինձ համար պտղաբեր գործ, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ 23Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է, 24բայց մյուս կողմից՝ անհրաժեշտ է ձեզ, որ ես մնամ այս մարմնի մեջ։ 25Եվ համոզված եմ ու գիտեմ, որ մնալու և ապրելու եմ բոլորիդ համար, որ զարգանաք և ուրախ լինեք ձեր հավատի մեջ, 26որպեսզի երբ հաջորդ անգամ ձեզ մոտ գամ, իմ նկատմամբ ունեցած ձեր պարծանքն ավելանա Քրիստոս Հիսուսով։
27Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։ 28Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։ 29Եվ դա Աստծուց է, որովհետև ձեզ շնորհ տրվեց, որպեսզի ոչ միայն հավատաք Քրիստոսին, այլև նրա համար չարչարվեք՝ 30մղելով նույն պատերազմը, որ ես եմ մղում, ինչպես անցյալում տեսաք և այժմ էլ լսում եք։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录