ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 4

4
1Այս եմ ասում. այնքան ժամանակ որ ժառանգն անչափահաս է, ծառայից առավել չէ. չնայած որ ամբողջ ժառանգության տերն է, 2բայց խնամակալների ու հոգաբարձուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ 3Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։ 4Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝ 5փրկագնելու նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ 6Քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ 7Ուստի այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։
Առաքելական հոգսեր
8Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չէին։ 9Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։ 10Խստորեն պահում եք որոշ օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ 11Վախենում եմ ձեզ համար, որ գուցե ձեր մեջ իզուր եմ աշխատել։ 12Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։ 13Գիտեք, որ մարմնով տկար էի, երբ ձեզ սկզբում քարոզեցի Ավետարանը, 14և չանարգեցիք ու չարհամարհեցիք այն նեղությունը, որ կրում էի իմ մարմնի մեջ, ընդհակառակը, ինձ ընդունեցիք իբրև Աստծու հրեշտակի, իբրև Քրիստոս Հիսուսի։ 15Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։ 16Հիմա թշնամի՞ դարձա ձեզ, որ ճշմարտությունն ասացի։ 17Նրանք ձեր նախանձախնդրությունն են գրգռում ոչ բարի նպատակով և ուզում են խոչընդոտ լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրենց հանդեպ։ 18Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարուն և ոչ թե միայն այն ժամանակ, երբ ձեր մեջ եմ։ 19Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։ 20Կուզենայի այժմ ձեզ մոտ լինել և փոխել խոսելաոճս, որովհետև տարակուսանքի մեջ եմ ձեզ համար։
21Ասե՛ք ինձ, դուք, որ ուզում եք լինել Օրենքի տակ, Օրենքը չե՞ք ընթերցել։ 22Արդարև գրված է, որ Աբրահամը երկու որդի ուներ, մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ 23Բայց նա, որ աղախնից էր, ծնվել էր բնական եղանակով, մինչ նա, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման միջոցով։ 24Սա այլաբանություն է, որովհետև այս կանայք երկու Կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, զավակներ ծնեց ծառայության համար. դա Հագարն էր։ 25Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։ 26Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։ 27Արդարև գրված է.
«Ուրախացի՛ր, ամո՛ւլ, որ չէիր ծնում.
գոչի՛ր և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չէիր քաշել,
որովհետև լքվածի զավակներն ավելին են, քան ամուսին ունեցող կնոջ» (Ես. 54.1)։
28Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստման զավակներ ենք։ 29Սակայն ինչպես այն ժամանակ բնական եղանակով ծնվածը հալածում էր նրան, որ ըստ Հոգու էր ծնվել, այդպես է նաև այժմ։ 30Բայց ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ժառանգություն չի ստանալու ազատ կնոջ որդու հետ» (հմմտ. Ծնն. 21.10)։ 31Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք աղախնի որդիներ չենք, այլ ազատի, այն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录