ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 3

3
1Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ներկայացվեց խաչված։ 2Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։ 3Այդքան անմի՞տ եք. Հոգով սկսեցիք և այժմ մարմնո՞վ եք ուզում ավարտել։ 4Այդքան իրադարձություններ իզո՞ւր պատահեցին ձեզ. եթե իզուր էին։ 5Արդ, Աստված Հոգին բաշխում է ձեզ և ձեր մեջ հրաշքներ է գործում նրա համար, որ Օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզությանը հավատացիք։
6Այդպես Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան որպես արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ 7Իմացե՛ք, ուրեմն, որ Աբրահամի որդիներ են նրանք, ովքեր հավատին են ապավինում։ 8Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։ 9Այնպես որ ովքեր հավատին են ապավինում, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ 10Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։ 11Որ Օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ, քաջ հայտնի է, որովհետև ասում է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։ 12Իսկ Օրենքը հավատից կախում չունի, բայց՝ «Ով գործադրի օրենքները, նրանցով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։ 13Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)), 14որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։
Օրենք և խոստում
15Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։ 16Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին» (Ծնն. 12.7), այսինքն՝ Քրիստոսին։ 17Ահա՛ թե ինչ եմ ուզում ասել. Աստծու կողմից նախապես հաստատված կտակը՝ Օրենքը, որ դրանից չորս հարյուր երեսուն տարի հետո դրվեց, չի կարող անվավեր դարձնել՝ ջնջելով խոստումը։ 18Եթե ժառանգությունը կախում ունի Օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից. այնինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։
Օրենքի դերը
19Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։ 20Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստված մեկ է։ 21Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։ 22Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ 23Քանի դեռ հավատը չէր եկել, արգելափակված էինք Օրենքի հսկողության տակ՝ սպասելով հավատին, որ հայտնվելու էր մեզ։ 24Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։ 25Բայց հենց հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք, 26որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ 27Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ 28Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ 29Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录