Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 11

11
Պողոսը և սուտ առաքյալները
1Լավ կլիներ, եթե մի քիչ հանդուրժեիք իմ անմտությունը. բայց անշուշտ հանդուրժում եք։ 2Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։ 3Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։ 4Որովհետև երկյուղ ունեմ, որ հաճույքով կընդունեք որևէ մեկին, եթե գա ու քարոզի մեր քարոզածից տարբեր Քրիստոսի, ձեր ստացած Հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած Ավետարանից տարբեր մի ավետարան։
5Բայց ես այնպես եմ կարծում, որ ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից»։ 6Թեև ճարտար չեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության մեջ, և դա ամբողջությամբ ամեն ձևով ցույց տվեցի ձեզ։ 7Արդյո՞ք մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։
8Ապրուստ ստանալով ուրիշ եկեղեցիներից՝ նրանց կողոպտեցի ձեզ ծառայելու նպատակով։ 9Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։ 10Քանի որ Քրիստոսի ճշմարտությունն իմ մեջ է, ոչ ոք չի լռեցնի իմ այս պարծանքը նաև Աքայիայի կողմերում։ 11Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստված գիտի դա։ 12Այսպես եմ անում և անելու եմ, որպեսզի վերջ դնեմ պատճառաբանություններին նրանց, ովքեր առիթ են փնտրում պարծենալու, թե իրենք էլ են աշխատում մեզ նման։ 13Այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով։ 14Եվ դա զարմանալի չէ, որովհետև սատանան ինքն էլ է կերպարանավորվում որպես լույսի հրեշտակ։ 15Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ։ Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի։
Առաքելական պաշտոնի տառապանքը
16Դարձյալ ասում եմ. թող ոչ ոք ինձ անմիտ չհամարի, իսկ եթե ոչ, ընդունե՛ք ինձ թեկուզ իբրև անմիտի, որպեսզի ես էլ մի փոքր կարողանամ պարծենալ։ 17Եվ ինչ որ ասում եմ, ոչ թե ըստ Տիրոջ ուզածի եմ ասում, այլ որպես մի անմիտ, որ պարծենալու վիճակի մեջ է գտնվում։ 18Քանի որ շատերը պարծենում են մարդկային նկատառումներից առաջնորդված, ես էլ պիտի պարծենամ։ 19Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով եք հանդուրժում։ 20Հանդուրժում եք, երբ մեկը խաբում է ձեզ, երբ մեկը ստրուկի տեղ է դնում ձեզ, երբ մեկը լափում է ձեր ունեցածը, երբ մեկը կողոպտում է ձեզ, երբ մեկն արհամարհում է, երբ մեկն ապտակում է ձեզ։ 21Ամաչելով եմ ասում, որպես թե մենք թույլ ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկն ինչ-որ բանի մեջ համարձակվում է պարծենալ, ես էլ եմ համարձակվում։ 22Եբրայեցի՞ են՝ ես էլ եմ եբրայեցի։ Իսրայելացի՞ են՝ ես էլ։ 23Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ կերել, 25երեք անգամ խարազանվել, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մեկ ցերեկ ու մեկ գիշեր տառապել եմ ծովի անդունդներում։ 26Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ 27Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։ 28Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29Ո՞վ է տկարանում, որի հետ ես չեմ տառապում, ո՞վ է գայթակղվում, որի համար սիրտս չի այրվում։
30Եթե պարծենալ է պետք, իմ տկարությամբ պիտի պարծենամ։ 31Աստված և մեր Տեր Հիսուսի Հայրը, որ օրհնյալ է հավիտյանս, գիտի, որ չեմ ստում։ 32Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչն ինձ ձերբակալելու համար հսկողության տակ էր պահում Դամասկոս քաղաքը, 33բայց պատուհանից՝ պարսպից ներքև, ինձ զամբյուղով իջեցրին, և ես փախա նրա ձեռքից։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录