ԹՎԵՐ 23

23
Բաղաամի առաջին մարգարեությունը
1Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։ 2Բաղակը Բաղաամի ասածի պես արեց։ Բաղակն ու Բաղաամը յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեցին։ 3Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։ 4Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց նրան. «Յոթ զոհասեղան պատրաստեցի և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեցի»։ 5Տերը Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և խոսի՛ր այսպես»։ 6Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.
7«Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝
Արևելյան լեռներից, թե՝
“Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար
Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։
8Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում,
Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։
9Ապառաժների գլխից տեսնում եմ նրան,
Բլուրների բարձունքից եմ նայում նրան։
Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի,
Ազգերի մեջ չպիտի դասվի։
10Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին,
Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։
Թող իմ անձը արդարների մահով մեռնի,
Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։
11Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։ 12Նա պատասխանեց. «Մի՞թե չպիտի զգուշանամ խոսելու այն, ինչ Տերը դնում է իմ բերանը»։
Բաղաամի երկրորդ մարգարեությունը
13Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։ 14Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։ 15Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։ 16Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։ 17Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։ 18Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.
«Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ.
Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։
19Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,
Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։
Մի՞թե կասի և չի անի
Կամ կխոսի և չի՞ կատարի։
20Ահա հրաման ստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց,
Եվ ես այն չեմ կարող փոխել։
21Հակոբի վրա անօրենություն չնկատեց,
Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։
Նրա Տեր Աստվածն իր հետ է,
Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։
22Աստված է Եգիպտոսից նրանց հանողը,
Միեղջերուի նման զորություն#23.22 Արագություն։ ունի նա.
23Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի,
Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։
Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին,
Թե ինչե՜ր արեց Աստված։
24Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա,
Առյուծի պես պիտի բարձրանա.
Նա չի պառկի, մինչև որսը չուտի
Եվ չխմի սպանվածների արյունը»։
25Բաղակն ասաց Բաղաամին. «Ո՛չ անիծիր նրանց, ո՛չ էլ օրհնիր»։ 26Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։
Բաղաամի երրորդ մարգարեությունը
27Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի ուրիշ տեղ։ Գուցե Աստված բարեհաճի, որ այնտեղի՛ց անիծես նրանց ինձ համար»։ 28Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։ 29Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ կառուցի՛ր յոթ զոհասեղան և ինձ համար այստեղ պատրաստի՛ր յոթ զվարակ և յոթ խոյ»։ 30Բաղակը Բաղաամի ասածի պես արեց և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։

Выбрано:

ԹՎԵՐ 23: ՆՎԱԱ

Выделить

Поделиться

Копировать

None

Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь

YouVersion использует файлы cookie, чтобы персонализировать ваше использование приложения. Используя наш веб-сайт, вы принимаете использование нами файлов cookie, как описано в нашей Политике конфиденциальности