Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներինՕրինակ

Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին

ՕՐ 1 7-ից

Խանդավառության աղբյուրը

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին»անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։

«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14 ՆՎԱԱ):

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու Տեր Հիսուս Քրիստոսի գործին ու խոսքերին հավատացող Նրա աշակերտների կարևորագույն որակներին, որոնք անհրաժեշտ պայմաններ են դեպի փրկություն տանող նեղ ճանապարհի դժվարին ընթացքը հաղթական ավարտին հասցնելու համար։

Առաջին որակը, որը պետք է ունենան նեղ ճանապարհի ճամփորդները, խանդավառությունն է։ Խանդավառությունը մի զորավոր փափագ է, որը նման է եռացող կաթսայի կամ վառվող թեժ կրակի, որը Քրիստոսի աշակերտի ներսում մի զորավոր ուժի մասին է վկայում և տեսանելի է մեր շրջապատի մարդկանց։

«Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։ Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին» (Գործք Առաքելոց 18․24-25 ՆՎԱԱ):

Խանդավառությունը Քրիստոսի աշակերտին մղում է ջերմեռանդության։ Այն առ Աստված ունեցած հավատքի առողջ ու կենդանի լինելու ապացույցներից մեկն է։ Խանդավառությունը ծնվում է Տեր Հիսուսի հետ հանդիպումներից։ Նրանով ենք մենք հաղթում մեղքի դեմ մղվող մեր հավատքի պատերազմում։ Խանդավառությունը բխում է հոգևոր հաղթանակներից։ Խանդավառությունը կրկին ու կրկին մեզ մղում է հավատքի գործերի։ Խանդավառությունը հավատքի անշեջ կրակով է բռնկում մեր շրջապատի մարդկանց։

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15 ՆՎԱԱ):

Քրիստոսին իրապես հանդիպած մարդու մեջ չի կարող չլինել խանդավառության ցնծությունը։ Խանդավառության հականիշը սառած լինելն է։ Տեսե՞լ ես սառած քրիստոնյաների։ Տեսե՞լ ես Քրիստոսի աշակերտների, որոնց մեջ գրեթե մարել է Քրիստոսի շնորհած փրկության և Տիրոջը ծառայելու արտոնության խանդավառության կրակը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչու է ժամանակի ընթացքում որոշ հավատացյալների սերը սառչում։

«Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերն է սառչելու» (Մատթեոս 24․12 ՆՎԱԱ):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ այսօր ստուգել քո սիրտը խանդավառության առկայության առումով։ Արդյոք դու ունե՞ս Տեր Հիսուսին ծառայելու կամ մարդկանց դեպի փրկության նեղ ճանապարհն առաջնորդելու այն փափագը, որը նման է եռացող կաթսայի կամ վառվող թեժ կրակի։ Իսկ երբևէ ունեցե՞լ ես նման փափագ․․․ Առանց Քրիստոսի աշակերտը լինելու և Նրա հանձնարարություններն ընդունած լինելու խանդավառության շատ դժվար է լինելու հաղթահարել նեղ ճանապարհի դժվարին, բայց օրհնյալ ընթացքը։

Աղոթում եմ քեզ համար, որ հիշես, թե ե՛րբ ես կորցրել փրկված լինելու և Քրիստոսին ծառայելու քո խանդավառությունը։ Հիշես, թե ի՛նչն էր այդ ամենի պատճառը։ Հիշես և ապաշխարությամբ վերականգնես հարաբերությունդ Տեր Հիսուսի հետ ու լցվես Նրա Հոգու պարգևած անշեջ և անսպառ խանդավառությամբ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին

Տեր Հիսուսի ուսուցանած նեղ դուռը և նեղ ճանապարհը սկսվում է ապաշխարությամբ և տևում է մինչև երկրային կյանքի ավարտը: Այն շատ նման է մարաթոնյան մրցավազքի: Ճիշտ սկսելը չի կարող ապահովել ավարտին հասնելը, նեղ ճանապարհն ընտրած հավատացյալները պետք է համապատասխան որակներ ունենան: Աստծու Հոգու ներբնակությունը հավատացյալի կյանքում իր հետ բերում է ազատություն, մխիթարություն, քաջություն, զգաստություն, ճիշտ պահին անհրաժեշտ զորություն, իմաստություն, աստվածավախություն, նշաններ ու հրաշքներ, հոգևոր իշխանություն և շատ ու շատ զորավոր օրհնություններ: Պետք է հասնել մինչև վերջ և ժառանգել Տեր Հիսուսի շնորհած փրկության օրհնյալ խոստումը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am