ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 35 (32)
35 (32)
Ողորմության մասին
1Ով պահում է Օրենքը, նա բազմացնում է զոհաբերությունները։
2Ով լսում է պատվիրանները, զոհ է մատուցում փրկության համար։
4Ով ընտիր ալյուր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, և ով ողորմություն է անում, օրհնության զոհ է մատուցում։
5Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնա չարությունից, և մարդու համար քավություն է անիրավությունից հեռու մնալը։
6Տիրոջ առջև ձեռնունայն մի՛ երևա, 7քանզի այս բոլորն արվում է պատվիրանի համար։
8Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, և դրա անուշահոտությունը Տիրոջ առջև է։
9Արդար մարդու զոհն ընդունելի է, և դրա հիշատակը չի մոռացվի։
10Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։
11Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս և տասանորդն ուրախությա՛մբ ընծայիր։
12Բարձրյալին տո՛ւր ըստ նրա տվածների և լիառա՛տ աչքով տուր քո ձեռքի բարիքներից, 13քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ։
14Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։
15Հույս մի՛ դիր անարդար զոհի վրա, քանզի Տերը դատավոր է, և նրա մոտ աչառություն չկա։
16Նա կողմնակալ չէ աղքատի հանդեպ և կլսի զրկվածի աղոթքը։
17Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը և ո՛չ էլ այրու, երբ նա աղոթք է մատուցում։
18Մի՞թե արտասուք չի իջնում այրու այտերից, և մի՞թե նրա աղաղակը նրանց դեմ չէ, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։
20Ով հոժարությամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կլինի այն, և նրա խնդրանքները կհասնեն մինչև երկինք։
21Տառապյալի աղոթքները կանցնեն ամպերի միջով և մինչև չմոտենան Աստծուն, չեն մխիթարի նրան և չեն հեռանա, մինչև Բարձրյալը չայցելի, 22չդատի արդարությամբ և չհրապարակի վճիռը. Տերը չի ուշանա ու չի հանդուրժի նրանց, մինչև չփշրի անողորմների մեջքը՝ վրեժխնդիր չլինի հեթանոսներից,
23մինչև չոչնչացնի թշնամիների բազմությունը և չփշրի անիրավների գավազանները,
24մինչև ըստ իրենց գործերի չհատուցի արդարներին և մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների,
25մինչև չդատի իր ժողովրդին և իր ողորմությամբ չուրախացնի նրանց։
26Բարեպատեհ է նրա ողորմությունը նեղության ժամանակ, ինչպես անձրևաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 35 (32): ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն