ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 34 (31)

34 (31)
Երազների մասին
1Դատարկ և սուտ են անմիտ մարդու հույսերը. անուրջները թևավորում են անզգամներին։
2Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։
3Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ՝ երազներ տեսնելը։
4Պիղծ բանից մաքուր բան չի լինի, և սուտ բանից՝ ստույգ բան։
5Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները, 6որոնք երկնում է բանդագուշակի սիրտը, եթե դրանք Բարձրյալից չեն առաքված։
7Քո սիրտը մի՛ տուր դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին։
8Օրենքը գործադրվում է առանց խաբեության, և հավատարիմ շուրթերի վրա իմաստությունը մարդու կատարելությունն է։
Ճանապարհորդության օգուտը
9Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ. բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։
10Ով փորձառու չէ, քիչ բան գիտի,
իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։
11Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։
12Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։
Տիրոջ երկյուղը
14Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։
15Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, 16ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։
17Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
18Ո՞ւմ է ապավինում նա, և ո՞վ է նրա նեցուկը։
19Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։
20Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում է աչքը, մարդկանց բժշկություն, օրհնություն և կյանք է տալիս։
Ճշմարիտ զոհաբերությունը
21Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։
23Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
24Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։
25Կարոտյալների հացը աղքատների կյանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։
26Ով մերձավորին զրկում է կերակուրից, նա սպանում է նրան։
27Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։
28Մեկը շինում է, մյուսը՝ ավերում. ի՞նչ օգուտ կա դրանից, բացի տանջանքից։
29Մեկն աղոթում է, և մյուսը՝ անիծում. ո՞ւմ ձայնը կլսի Տերը։
30Ով մաքրվում է մեռելին դիպչելուց և դարձյալ հպվում է նրան, ի՞նչ օգուտ ունեցավ իր լվացվելուց։
31Ինչպես այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում և դարձյալ գնում ու նույն բանն է անում, ո՞վ կլսի նրա աղոթքը, և ի՞նչ օգուտ ունեցավ նա իր խոնարհվելուց։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք