ՀԵՍՈՒ 9
9
Դաշինք Իսրայելի և Գաբավոնի միջև
1Երբ Հորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագավորները՝ լեռնայինները, դաշտայինները, և՛ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, և՛ նրանք, որ Լիբանանի մոտ էին, նաև քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները լսեցին, 2ամենքը միասին եկան պատերազմ մղելու Հեսուի և Իսրայելի դեմ։
3Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին, 4խորամանկություն արեցին. եկան պաշարով և պատրաստությամբ՝ իրենց ուսերի վրա առնելով հնացած քուրձեր, նաև մաշված, գինու պատառոտված և կարկատած տիկեր։ 5Նրանց կոշիկների կարերը քանդված էին, նրանց ոտքերի հողաթափերը հնացած և կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, և նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։
6Նրանք եկան Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղին, Գաղգաղա, և Հեսուին ու ողջ Իսրայելին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք»։ 7Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։ 8Նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։ 9Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները հանուն Տիրոջ՝ քո Աստծու, որովհետև լսեցինք նրա անունը և այն, ինչ նա արել է Եգիպտոսում, 10և այն, ինչ նա արել է Հորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհովն թագավորին և Բասանի Օվգ թագավորին, որ բնակվում էր Աստարովթում և Եդրայինում։ 11Մեր ծերերը և մեր երկրի բոլոր բնակիչները խոսեցին մեզ հետ և ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշա՛ր վերցրեք, նրանց ընդառա՛ջ գնացեք և ասե՛ք նրանց. “Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք”։ 12Այն օրը, որ մենք ելանք մեր տներից և եկանք ձեզ մոտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել և բորբոսնել է, 13այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռվեցին, մեր շորերը և կոշիկները մաշվեցին շատ երկար ճանապարհից»։
14Իսրայելի իշխանները վերցրին նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։ 15Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդվեցին նրանց։ 16Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք դրացիներ են և իրենց մոտ են բնակվում։ 17Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։ 18Իսրայելի որդիները չպատերազմեցին նրանց դեմ, որովհետև ժողովրդի բոլոր իշխանները Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել էին նրանց, և ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։ 19Իշխաններն ասացին ողջ ժողովրդին. «Մենք Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել ենք և չենք կարող ստել նրանց։ 20Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։ 21Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։
22Հեսուն նրանց բոլորին կանչեց, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ և ասացիք՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, մինչդեռ դուք տեղացիներ եք՝ մեր մեջ բնակվողներից։ 23Հիմա դուք անիծված եք, և ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ և ջրկիր ծառա»։ 24Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։ 25Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ և ինչպես կամենում եք»։ 26Եվ նրանց հետ այսպես վարվեցին. այն օրը Հեսուն նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և չկոտորեցին նրանց։ 27Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն