Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 4

4
Ողջամիտ վարդապետության վկայումը
1Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ իր հայտնության օրը և իր արքայության ժամանակ դատելու է ողջերին և մեռածներին։ 2Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։ 3Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ 4Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։ 5Բայց դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի գործդ արա՛, ծառայությունդ հասցրո՛ւ իր ավարտին։
Բարի պատերազմի վախճանը
6Ես իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ, և իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։ 7Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ 8Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը։
Վերջին հանձնարարություններ
9Շտապի՛ր շուտով գալ ինձ մոտ, 10որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա,#Հուն. լավագույն բն. Գալիլեա-ի փոխարեն ունեն Գաղատիա։ Տիտոսը՝ Դալմատիա։ 11Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ օգտակար է ծառայության համար։ 12Տյուքիկոսին ուղարկեցի Եփեսոս։ 13Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ. բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։
14Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։ 15Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև սաստիկ հակառակվեց մեր քարոզչությանը։
16Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։ 17Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։ 18Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Վերջին ողջույններ
19Ողջունի՛ր Պրիսկային և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի ընտանիքին։ 20Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոֆիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ 21Աշխատի՛ր գալ ձմեռը վրա չհասած։
Քեզ ողջունում են Եվբուլոսը, Պուդեսը, Լինոսը և Կլավդիան, ինչպես նաև բոլոր եղբայրները։
22Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը քեզ հետ։

Արդեն Ընտրված.

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք