Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 12

12
Մակաբեն գրավում է Հոպպեն և կրակի մատնում
1Լյուսիասը վերադարձավ թագավորի մոտ, իսկ հրեաներն սկսեցին զբաղվել հող մշակելով։
2Բայց զորքի զորավարները՝ Տիմոթեոսը, Գեննեոսի որդի Ապոլոնիոսը, Հերոնիմոսն ու Դիմոփոնը, նաև Նիկանովրը, նրանց բոլորովին թույլ չէին տալիս հանգիստ ու խաղաղ ապրել։ 3Իսկ հոպպեացիները համարձակվեցին այսպիսի անօրենություն գործել. միջնորդներ եկան ու համոզեցին իրենց շրջակայքում ապրող հրեաներին, որ կանանց ու երեխաների հետ բարձրանան իրենց նավերը։ 4Սա արվեց ամբողջ քաղաքի համաձայնությամբ։ Երբ նրանք համաձայնվեցին, որովհետև կամենում էին խաղաղություն ու միաբանություն պահել նրանց հետ և ոչինչ չէին կասկածում, բերեցին նրանց ու ոչ պակաս քան երկու հարյուր մարդու ծովի մեջ խեղդեցին։
5Երբ Հուդա Մակաբեն իմացավ կատարված անօրեն դաժանության մասին, կարգադրություններ արեց իր հետ եղող զինվորներին 6և դիմելով արդար Դատավորին՝ անմիջապես հարձակվեց մարդասպանների վրա։ Գիշերով նրանք նավահանգիստը հրդեհի մատնեցին, նավերն այրեցին, իսկ այնտեղ ապաստանածներին կոտորեցին։ 7Քանի որ բերդերն զգուշության համար փակ էին պահել, Մակաբեն որոշեց, որ մյուս անգամ վերադարձին առհասարակ կկոտորի հոպպեացիներին։ 8Նա իմացավ, որ յամնեացիները ևս կամենում են նույն պատուհասը բերել իրենց հետ բնակվող եբրայեցիների գլխին։ 9Գիշերով հարձակվեց համնեացիների վրա և նավահանգիստը նավերով հանդերձ հրդեհեց, այնպես որ կրակի ցոլքերը երևում էին Երուսաղեմում, թեև այդտեղից մինչև այնտեղ մոտ չորս հարյուր ութսուն ասպարեզ էր։
Կասպիս քաղաքի գրավումը
10Այնտեղից շրջանցելով մոտ քսան ասպարեզ՝ ուզեցին Տիմոթեոսի վրա հարձակվել, բայց նրանց առաջը կտրեցին մոտ հինգ հազար հինգ հարյուր արաբ հեծյալներ։ 11Գնդերը բախվեցին միմյանց, ու մարտը սաստկացավ։ Հուդայի բանակը, Տիրոջ օգնությանն ապավինելով, հաղթանակ տարավ։ Երբ քոչվոր արաբները պարտության մատնվեցին, եկան կանգնեցին Հուդայի բանակի առաջ և հնազանդվելով խնդրեցին դաշինք կնքել։ Բացի այդ, խոստացան ոչխարի հոտեր տալ նրանց և շատ ուրիշ բաներում էլ օգտակար լինել նրանց։ 12Հուդան մտածեց, որ սրանք կարող են շատ պետք գալ իրենց, ուստի համաձայնվեց, ներեց ու նրանց հետ խաղաղություն հաստատեց։ Երբ դաշինքը կնքեցին, յուրաքանչյուրն իր բանակը գնաց։
13Հրեաները հարձակվեցին նաև մի քաղաքի վրա, որն ամրացված էր պարիսպներով ու բնակեցված խառնիճաղանջ ազգերով։ Այդ քաղաքի անունը Կասպիս էր։ 14Նրանք շրջապատեցին այն ու պաշարեցին։ Բերդի ներսում գտնվողները, իրենց հույսը դնելով պարիսպների ամրության և իրենց ամբարների առատության վրա, գոռոզությամբ ու արհամահանքով էին նայում Հուդայի ու նրա զորքի վրա, նախատալից ու կծու խոսքերով հայհոյում էին նրանց ու անպատշաճ բաներ ասում։ 15Իսկ նրանք հայցեցին երկնքի ու երկրի ամենազոր, մեծ ու հզոր Տիրոջ օգնությունը, որ Նավեի որդի Հեսուի օրոք առանց մարտական մեքենաների կործանել էր Երիքովը, խմբեր կազմեցին, և բոլորը միասին կատաղորեն հարձակվեցին պարիսպների վրա։ 16Գրոհեցին ու Աստծու կամքով գրավեցին պարսպապատ քաղաքը և այնքան շատ զինվորներ կոտորեցին, որ քաղաքի մոտ գտնվող երկու ասպարեզ երկարությամբ ծովակն արյամբ ներկվեց։
Քարակի ճակատամարտը
17Այնտեղից գնացին մոտ յոթ հարյուր հիսուն ասպարեզ և հասան Տուբեական հրեաների Քարակ բնակավայրը։ 18Այդտեղ գտան անհաջողություն կրած, ուժասպառ եղած Տիմոթեոսին, որը, սակայն, պահապան զորքեր էր թողել խիստ ամրացված մի վայրում։ 19Մակաբայեցիների զորքից հզոր զորավարներ Դոսիթեոսն ու Սոսիպատրոսը դուրս էին եկել բանակից ու շրջում էին իրենց գնդով։ Երբ եկան ու հանդիպեցին այդ բերդին, հարձակվեցին ու այդտեղ սպանեցին ավելի քան տասը հազար մարդ, 20իսկ Մակաբեն իր զորքը գնդերի բաժանեց և իր գնդով հարձակվեց Տիմոթեոսի վրա, որն ուներ հարյուր քսան հազար վահանակիր զինվորներ և մոտ երկու հազար հինգ հարյուր հեծյալ։ 21Երբ Տիմոթեոսն իմացավ, որ մակաբայեցիներն արշավում են իր վրա, անմիջապես իր ունեցվածքը, գանձը, զինվորների կանանց ու երեխաներին իր մոտից ուղարկեց Կառնաիմ բերդը։ Այդ բերդն անհնար էր պաշարել այդ վայրերի անմատչելի նեղության պատճառով։ 22Երբ Հուդայի գունդը երևաց, թշնամու զորքն սկսեց խուճապի մատնվել, որովհետև Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Լեղապատառ այս ու այն կողմ ընկան, սկսեցին միմյանց խոցոտել և բոլոր ուղղություններով փախուստի դիմեցին։ Շատ էին նաև այնպիսիք, որոնք, վախից հիմարացած, վիրավորվում էին իրենց իսկ զենքերից։ 23Հուդայի գունդը փախուստի դիմածներին խստագույնս հալածեց, անխնա հարվածեց ու կոտորեց։ Այդտեղ թշնամու զինվորներից դիաթավալ ընկավ մոտ երեսուն հազար զինվոր։ 24Դոսիթեոսի ու Սոսիպատրոսի գնդերը գերի վերցրին Տիմոթեոսին։ Նրանց ձեռքն ընկնելով և ամեն հնարքի դիմելով՝ աղաչում էր նրանց, որ կենդանի թողնեն իրեն։ Նա ասում էր. «Ձեզանից շատերի ծնողներն ու եղբայրները ինձ մոտ գերի են։ Նրանց բոլորին իմ գլխի դիմաց ազատ կարձակեմ և ձեզ կհանձնեմ»։ 25Իր փոխարեն շատերին ազատ արձակելու այսպիսի խոստում ստանալով՝ ազատ արձակեցին նրան իրենց եղբայրների փրկության համար։ 26Երբ Տիմոթեոսը բերդ հասավ, որ Կառնաիմի կենտրոնում էր, բերեց, կոտորեց նրանց, որոնց խոստացել էր ազատ արձակել։ Դրանց թիվն ավելի քան քսան հազար մարդ էր։
Հուդա Մակաբեի հաղթական վերադարձը Երուսաղեմ
27Նրանք այնուհետև արշավեցին Եփրոն կոչվող ամուր քաղաքը, որտեղ բնակվում էր Լյուսիասն ինքը։ Բազմաթիվ զինվորներ, նետաձիգ մեքենաներով ու զենքերով զինված, ներսից հեշտությամբ պաշտպանում էին պարիսպները և կռվում դրսի մարդկանց դեմ։ 28Մակաբայեցիներն օգնության կանչեցին հզոր Ամենակալին, որը կարող էր խորտակել պատերազմողների զորությունը, և անմիջապես գրավեցին քաղաքը՝ բերդով հանդերձ։ Այնտեղ՝ ներսում, զարկեցին և սպանեցին մոտ քսանհինգ հազար մարդ։ 29Այնտեղից ասպատակեցին Սկյութոպոլիս, որը Երուսաղեմից հեռու էր մոտ վեց հարյուր ասպարեզ։ Նրանք իրենց երախտապարտ էին համարում հրեա ազգի նկատմամբ։ 30Քաղաքում բնակվող հրեաներն իրենք էլ վկայեցին, որ երբ իրենք նեղության մեջ են եղել, այդ քաղաքացիները օգնել են իրենց։ 31Երբ նրանց հաջողվեց մակաբայեցիների գնդի հետ խաղաղություն հաստատել, գնդի առաջ բարձրաձայն խոստացան այսուհետ առավել բարյացակամ լինել նրանց ազգի նկատմամբ։ Սրանք նրանց մոտից շտապեցին Երուսաղեմ քաղաքը, որովհետև մոտենում էր Յոթերորդ շաբաթի տոնը։
Արշավանք Գորգիասի դեմ
32Երբ Պենտեկոստեի տոնն ավարտվեց, նրանք հարձակվեցին Գորգիասի վրա, որը եդովմացիների կողմի կուսակալն էր։ 33Նա նրանց դեմ ելավ երեսուն հազար վահանակիր զինվորներով ու չորս հազար հեծելազորով։ 34Երբ նրանք այստեղ-այնտեղ միմյանց դեմ ճակատեցին, եբրայեցիներից մի քանիսն ընկան։ 35Բեկենացիների գնդից Դոսիթեոս անունով մեկը, որ հզոր ու հմուտ պատերազմող էր, հարձակվեց Գորգիասի վրա։ Այն պահին, երբ ուզում էր անօրենին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազեն մի մարդ հասավ, հարվածեց նրա ուսին, տապալեց նրան ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը, մազապուրծ ճողոպրելով, փախավ Մարեսա ամրոցը։ 36Քանի որ Եզդրն ու նրա մարդիկ երկար ժամանակ ճակատամարտում էին, և շատ կոտորած էր եղել, մակաբայեցիների գունդն Ամենակալ Աստծուն օգնության կանչեց, որպեսզի հայտնվի ու պատերազմում առաջնորդի իրենց։ 37Իրենց հայրերի լեզվով մարտական աղաղակ բարձրացրին, հարձակվեցին և նույն պահին էլ Գորգիասին իր զորքով հանդերձ փախուստի մատնեցին։
38Հուդան վերցրեց զորքն ու տարավ Օդոլամ կոչվող քաղաքը և քանի որ շաբաթը մոտենում էր, իրենց օրենքի համաձայն լվացվելով ու մաքրվելով՝ պահեցին շաբաթ օրը։ 39Հաջորդ օրը եկան Հուդայի երկրի կողմերը, որպեսզի հավաքեն պատերազմում ընկածների մարմիններն ու թաղեն իրենց տոհմակից եղբայրների հետ, յուրաքանչյուրին իր հայրերի գերեզմանոցում։ 40Երբ հասան ճակատամարտի տեղը, գտան իրենց ազգակիցների դիակները, որոնց հագուստների տակ հուռութքի ուլունքներ և ամեն տեսակ կուռքերի բժժանքներ կային, մի բան, որ հատկապես մերժելի էր օրենքով, և եբրայեցիներն այդպիսի բանից խիստ հեռու էին փախչում։ Գտնելով դրանք՝ հրեաները հասկացան, որ նրանց կոտորածը եղել է այդ պատճառով։ 41Դրանից հետո բոլորը միասին օրհնեցին արդար դատավորին՝ Տիրոջը, որ բացահայտում է գաղտնիքները։ 42Ապա ծնկի իջած աղաչեցին, որ կատարված այդ մեղքը բարեսրտորեն ների։ Իսկ քաջ Հուդան սփոփեց զինվորներին և խնդրեց, որ զգույշ լինեն նման մեղքեր գործելուց։ «Ձեր աչքերով տեսաք,- ասում էր,- որ այս պատուհասը տեղի ունեցավ նրանց կատարած մեղքերի պատճառով»։ 43Նա անձ առ անձ չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետև ինչ անում էր, մեռելների հարության մասին խորհելով էր անում։ 44Որովհետև եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը։ 45Նա ճիշտ էր հասկացել, որ բարեպաշտությամբ ննջածները գեղեցիկ շնորհների են արժանանում։ Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք