ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:1-40
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:1-40 ՆՎԱԱ
Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա. նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։ Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։ Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։ Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով, Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից, ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի. և ձեզ ասացի. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք". բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։ Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։ Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։ Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։ Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։ Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։ Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։ Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։ Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։ Գեդեոնն իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Տերը։ Բայց իր հոր տնեցիներից և քաղաքի մարդկանցից վախենալով ցերեկն անել՝ գիշերն արեց։ Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։ Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ պրպտեցին, քննեցին, ու ասվեց, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։ Եվ քաղաքի մարդիկ Հովասին ասացին. «Դո՛ւրս բեր որդուդ, նա պետք է մեռնի, քանի որ քանդել է Բահաղի սեղանը և կտրել նրա մոտի Աստարովթը»։ Հովասը դեպի իրեն եկող բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դուք եք Բահաղի իրավունքը պաշտպանելու, կամ թե դո՞ւք եք նրան ազատելու. ով որ պաշտպանի նրա իրավունքը, թող մեռնի մինչև առավոտ. եթե նա աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։ Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։ Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ և Հորդանանից անցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։ Տիրոջ Հոգին իջավ Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, ու Աբիեզերի ցեղի մարդիկ հավաքվեցին նրա մոտ։ Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։ Եվ Գեդեոնն Աստծուն ասաց. «Եթե Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես, ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։ Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։ Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։ Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։