YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 59

59
Մարգարեն դատապարտում է ժողովրդի մեղքը
1Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, 2այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի, 3որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։ 4Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։ 5Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։ 6Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։ 7Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։ 8Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։
Ժողովուրդը խոստովանում է իր մեղքը
9Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։ 10Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանց#59.10 Բռց. պարարտության։ մեջ լինելով՝ մեռելների պես ենք։ 11Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից, 12քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։ 13Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։ 14Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։ 15Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Տերը տեսավ, և դա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։
Տերը պատրաստվում է փրկել իր ժողովրդին
16Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։ 17Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։ 18Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին. նաև ծովեզրի երկրներին պիտի հատուցի իրենց վարձը։ 19Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։ 20«Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։ 21«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 59: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy