YouVersion Logo
Search Icon

ԱՆԳԵ 2

2
Նոր տաճարի պայծառությունը
1Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով. 2«Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛. 3“Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին”»։ 4«Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։ 5«Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։ 6Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։ 7Պիտի սարսեմ բոլոր ազգերին, և կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը, և այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։- 8Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։- 9Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։
Մարգարեն խորհրդակցում է քահանաների հետ
10Դարեհի երկրորդ տարվա իններորդ ամսի քսանչորսին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեին՝ ասելով. 11«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Հիմա քահանաներից օրենքի վերաբերյալ ուսուցո՛ւմ խնդրիր՝ ասելով. 12"Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։ 13Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։ 14Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։
Տերը խոստանում է իր օրհնությունը
15«Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք այս օրից դեպի հետ. երբ դեռ քարը քարի վրա չէր դրված Տիրոջ տաճարում։ 16Երբ կարծում էիք, որ քսան պարկ ցորեն կհավաքեիք, բայց հավաքում էիք տասը, և երբ կարծում էիք, որ մի այգուց հիսուն փուրա#2.16 Մեկ փուրան քսաներկու լիտր է։ գինի կստանայիք, բայց ստանում էիք քսանը, 17ես ձեզ և ձեր ձեռքի բոլոր գործերին հարվածեցի խորշակով, դալկությամբ և կարկուտով, սակայն դուք դեպի ինձ չդարձաք,- ասում է Տերը։- 18Հիմա ձեր ուշադրությունը դարձրե՛ք այս օրից և իններորդ ամսի քսանչորսերորդ օրից առաջ, այսինքն՝ այն օրից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց, ուշադրությո՛ւն դարձրեք. 19մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։
Տիրոջ խոստումը Զորաբաբելին
20Եվ Տիրոջ խոսքը ամսի քսանչորսին կրկին հասավ Անգեին՝ ասելով. 21«Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա՛, թե՝ “Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը. 22և տակնիվեր պիտի անեմ թագավորությունների գահերը և պիտի կորցնեմ ազգերի թագավորությունների զորությունը, տակնիվեր պիտի անեմ մարտակառքն ու նրա հեծյալին, և պիտի ընկնեն ձիերն ու իրենց հեծյալները՝ ամեն մեկն իր եղբոր սրով”»։ 23«Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- ես կվերցնեմ քեզ, ո՛վ իմ ծառա Սաղաթիելյան Զորաբաբել,- ասում է Տերը,- և քեզ իբրև մի կնիք կդարձնեմ, որովհետև ես ընտրել եմ քեզ»,- ասում է Զորքերի Տերը։

Currently Selected:

ԱՆԳԵ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy