YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 33

33
Աստված հրամայում է Իսրայելին հեռանալ Սինա լեռից
1Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։ 2Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ 3Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։
4Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց, 5որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ 6Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։
Ժողովի վրանը
7Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։ 8Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։ 9Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։ 10Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։ 11Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։
Տերը խոստանում է իր ժողովրդի հետ լինել
12Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։ 13Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։ 14Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ»։ 15Մովսեսն ասաց նրան. «Եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի՛ հանիր։ 16Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենք#33.16 Կամ կփառավորվենք։ աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։
17Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։ 18Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։ 19Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ#33.19 Տե՛ս 6.3։ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։ 20Եվ ասաց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ»։ 21Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։ 22Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։ 23Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա»։

Currently Selected:

ԵԼՔ 33: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy