Գործք Առաքելոց 12:4-11
Գործք Առաքելոց 12:4-11 ՆՎԱԱ
Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։ Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։ Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։ Հրեշտակն ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ հագի՛ր»։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. «Զգեստդ վրա՛դ գցիր ու ի՛նձ հետևիր»։ Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։